ԲՀԿ-ն չի մտնելու մի գործընթացի մեջ, որտեղ նա պարտություն է ունենալու. Վահե Էնֆիաջյան
«Իրականում «Ելքի» նամակը «Ծառուկյան» խմբակցությունում մենք ստացել ենք, իսկ պարոն Գագիկ Ծառուկյանի չստանալու պատճառը եղել է զուտ տեխնիկական: Ես ձեզ վստահեցնում եմ` ՀՀ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր կարևորագույն գործընթացի հետ կապված՝ անձամբ պարոն Ծառուկյանը տեղեկանում է և տեղեկացված է լինում, և այս գործընթացի հետ կապված՝ պարոն Ծառուկյանը մեկնաբանել է, Գյումրիում լրագրողներին ներկայացրել է մեր դիրքորոշումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` անդրադառնալով «Ելք» խմբակցության այն հայտարարություններին, որ նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարելու առաջարկով նամակը «Ծառուկյան» խմբակցությունը ստացել է, թեև Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի ստացել:
Խմբակցության քարտուղարի խոսքով, 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իրենք ժողովրդին ասել են, որ հետագայում երկրի նախագահի ընտրության, կառավարության ձևավորման հարց կա:
«Այսօր քաղաքական կոալիցիա է ձևավորվել, «Ծառուկյան» խմբակցությունն ունի 31 մանդատ, «Ելքը»` 9 մանդատ: Մեր մանդատները՝ միասին վերցրած, բավարար չեն: Մենք հավակնություն չունենք մի բանի մեջ ներգրավվել և գործընթաց սկսել, որի մեջ դու հավանականություն չունես հաջողության հասնելու, ի սկզբանե դատապարտված ես ձախողման, մենք նման գործընթացի մեջ մտնելու ցանկություն չունենք»,- ասաց նա:
Դիտարկմանը` արդյոք դա պայքարից հրաժարում չի՞ նշանակում, Էնֆիաջյանը պատասխանեց. «Սա նշանակում է, որ ժողովրդին չենք հիասթափեցնում, որովհետև, եթե ժողովրդին ներկայացնենք, որ մենք թեկնածու ունենք և գնում ենք պայքարի, ժողովուրդը սկսելու է հույս կապել, սպասելիքներ են արթնանալու, ծրագրեր պետք է մոտեցնենք: Եվ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու:
Միանշանակ մեծամասնության թեկնածուն հաղթելու է: Ի՞նչ է ստացվելու` ընդդիմությունը պարտվեց: ԲՀԿ-ն չի մտնելու մի գործընթացի մեջ, որտեղ նա պարտություն է ունենալու»:
Ի պատասխան հարցին` հնարավո՞ր է ՀՀԿ-ի թեկնածուին սատարեն, խմբակցության քարտուղարը նշեց, որ բոլոր գործողությունների մասին հրապարակային կներկայացնեն. «Որևէ նման հարց չի քննարկվել»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը կանաչ լույս է ՀՀԿ-ի թեկնածուի համար. Փաշինյան
- ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին. Վահրամ Բաղդասարյան
- «Ծառուկյան» խմբակցությունը չի քննարկել Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու «Ելք»-ի առաջարկը. «Ժամանակ»
- «Ծառուկյան» դաշինքը քննարկում է ՀՀ նախագահի սեփական թեկնածուի հարցը. Սերգեյ Բագրատյան
- «Ելք»-ը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին