Չեմ կարծում, որ տաքսու գների թանկացում տեղի ունենա. փոխնախարար
«Թանկացումները նոր են ու նախարարությունը դեռևս չունի հստակ պատասխան, ընթանում են քննարկումներ»,- այս մասին նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ թե հունվարի 1-ից հետո սեղմված գազի թանկացումն ինչպես կանդրադառնա հասարակական տրանսպորտի, տաքսիների գնի վրա։
«Գների վրա վառելիքի գնի ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչև հիմա գործող գները ինչքանով են վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը։ Եթե դրանք զրոյի մակարդակում են գտնվում, ապա գները կունենան բարձրանալու միտում, եթե ոչ, ապա նման միտում չի լինի», - նշեց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է տաքսիներին, նա նշեց, որ տաքսիների գնի վրա դժվար թե թանկացումներն ունենան ազդեցություն. «Տաքսին մեզանում հանրային տրանսպորտի փոքր մասն է և մատուցում է հանրային տրանսպորտի սպասարկման ծառայություն, բայց չեմ կարծում, որ գների թանկացում տեղի ունենա։ Իսկ հանրային տրանսպորտի գների հարցով այսօր մի քանի խոշոր փոխադրողների հետ նախարարությունը քննարկում է կազմակերպել»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք առաջարկվող փոփոխությունները կբերե՞ն նրան, որ բնակչությանը մատուցվեն որակյալ ծառայություններ. «Բազմաթիվ բողոքողներ կան տրանսպորտային միջոցների հնամաշ, ժամկետանց լինելուց, բազմաթիվ դեպքեր ունենք, որոնց հետևանքով զոհեր ենք ունենում։ Մեկ միասնական ուղևորափոխադրողների վերաբերյալ ձեր առաջարկը կարո՞ղ է այս խնդիրները լուծել, որ այլևս բազմաչարչար գծատերեր հասկացությունը 19-րդ դարի մնացորդից վերանա, ոլորտը կարգավորվի ու վերջապես քաղաքացին արժանապատիվ տեղափոխվելու իրավունքից օգտվի։ Այս խնդիրները լուծու՞մ, թե՞ ուղղակի կոսմետիկ փոփոխություններ եք անում»։
Գագիկ Գրիգորյանը պատասխանեց, թե դրանք ոչ թե կոսմետիկ, այլ հիմնարար փոփոխություններ են, որը հնարավորություն կընձեռի հանրապետական գործադիր մարմնին իր գործառույթներն իրականացնելու համար։
«Ամբողջ աշխատանքը պետք է նաև ՏԻՄ մարմինների հետ համաձայնեցվի։ Ամբողջ նպատակն այն է, որ ազգաբնակչությանն ապահովենք արժանավայել սպասարկմամբ։ Ծրագրի արդյունքում կլինի մեկ երթուղային ցանց, որը կունենա մեկ միասնական օպերատոր, ով կկառավարի ամբողջ տրանսպորտային համակարգը, կլինի նաև մեկ միասնական տոմսային համակարգ, որը հնարավորություն կընձեռի տոմս ձեռք բերելուց ունենալ հնարավորություն դրանով մինչև ընտրված վերջնակետ երթևեկելու»,- ասաց փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին