«Ծառուկյան» խմբակցության առաջարկները մերժվեցին
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մերժվել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այսօր ԱԺ նիստում հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց փոփոխվող առաջարկություները։
«Գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում, տվյալ տարվա համար ազատել հողի հարկից: Հաշվի առնելով, որ բնակչության 35,7 տոկոսը գյուղաբնակ է, բերրի հողերի շուրջ 60 տոկոսը չեն մշակվում, և հիմնական դրդապատճառներն ավելի խորն ուսումնասիրելով մենք ականատես ենք լինում, որ չի մշակվում, քանի որ կոշտ հարկային քաղաքականություն է վարվում, անմրցունակ վարկային միջավայր է, և գյուղացիներն առերեսվելով բնակլիմայական աղետներին, կանգնում են ճգնաժամի առաջ»,- հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ իրենց առաջարկությունը չի հակասում որևէ այլ գյուղատնտեսական նշանակության ծրագրերին։
«Այս առաջարկությունը ներկայացնում ենք, որպեսզի գործի միմիայն տվյալ տարվա համար»,-ասաց նա:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, թե նման հարց վերապահված է տեղական իշխանություններին, և նման օրենք ընդունելով՝ կլինի Կառավարությանը պարտավորություն տալ երկրորդ անգամ գնալ փոխհատուցումների. «Այսօր բոլորս գիտենք, որ բոլոր աղետների ժամանակ կառավարությունը պարտավոր է կորուստների փոխհատուցում իրականացնել պետական բյուջեից, առաջարկվող մոդելը հնարավորություն է տալիս կամ մեկն անել, կամ մյուսը»։
Էնֆիաջյանն արձագանքեց. «Սա նախաձեռնություն է ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի։ Համայնքի ղեկավարները կամայական են այդ գումարները տուժած գյուղացիներին տալիս, իսկ այս օրենքով կանոնակարգվում է այդ հարցը»։
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծի՝ օրակարգ մտցնելուն։
Նախագիծը նիստում դրվեց քվեարկության և մերժվեց 34 կողմ և 54 դեմ քվեարկությամբ: