Պետք է հարկային օրենսգիրքը հրատապ մտցնել խորհրդարան և փոփոխություններ կատարել. Մարուքյան
«Հայտարարվեց, որ պետք է խորհրդարանական լսումներ անցկացվի, և տպավորությունն անպիսի է, իբր թե Հանրապետական մեծամասնությունը, իշխանությունները նոր են իմացել, որ այսպիսի թանկացումներ կան, և ամեն բան ուզում են անել, որ դրա դեմն առնեն»,- Ազգային ժողովում մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա շեշտեց, որ թանկացումների մասին ամբողջ 2017 թվականին խոսել և ասել են, որ հունվարի 1-ից թանկացումների շղթան սկսվելու է։
«Սեղմված գազի ակցիզային հարկը 8 հազար դրամից դարձնում եք 25 հազար դրամ, այդ պահին չէիք մտածում, որ շղթայական էֆեկտ է ունենալու: Այս լսումները, կարծում եմ, ընդհանրապես անիմաստ են, որովհետև գազի բաց թողնելու ինչ-որ միջոցառում է լինելու։ Մինչդեռ պետք է հարկային օրենսգիրքը հրատապ մտցնել խորհրդարան և համապատասխան փոփոխություններ կատարել»,-ասաց պատգամավորը։
Մարուքյանը կոչ արեց քաղաքացիներին հունվարի 19-ին դուրս գալ փողոց՝ «Ելք»-ի կազմակերպած երթին մասնակցել ու բողոքի ձայն բարձրացնել. «Այլ տարբերակ չկա։ Այս հարթակներում քննարկումները սպառել են իրենց, մեր բոլոր առաջարկները մերժվել են, իսկ դուք ուզում եք իմաստուն դեմքերով գալ ու քննարկել, թե` գիտեք ինչ կա, ուզում ենք քննարկել, պետք է մեղմել, ի՞նչն եք ուզում մեղմել, պետք է հարկային օրենսգիրքը փոխել»։
Նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն 2017 թվականին սարսափելի գնաճ է եղել. «Հունվարի 1-ից այս գնաճը նոր տեմպ ու թափ է ստացել։ Սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի հարկի բարձրացումը շղթայական ռեակցիայով բերելու է մնացած ապրանքների թանկացման, գնաճը հսկայական է՝ 20-30 տոկոսի է հասնում»։
Փաշինյանի կարծիքով ևս, այս իրավիճակում գնաճի առաջն առնելու տարբերակը միայն Հարկային օրենսգրքում հրատապ փոփոխություն անելն է։ Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը չի գնալու զիջման, քանի քաղաքացիները դուրս չեն եկել ու իրենց պահանջը չեն ձևակերպել։
«Տպավորություն է, որ այս կառավարությունը չարի վերջի հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է պետության գլխին ու այն ոլորտներում որտեղ չնչին, թեթևակի աճ է տեսնում, միանգամից ասում է կացինը բերեմ ծառը կտրեմ։ Այս իշխանությունը, բացի պետական բյուջեն ինքնանպատակ լցնելուց, այլ ձևով աշխատելու ի վիճակի չէ»,-ասաց «Ելք»-ի պատգամավոր Արամ Սարգսյանը՝ նշելով, որ միակ հնարավորությունը հունվարի 19-ին փողոց դուրս գալն է։