Ունենք սուր շնչառական հիվանդությունների աճ. Արա Ասոյան
Հայաստանում ունենք սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի աճ, սակայն իրավիճակը վերահսկելի է և հարկ չկա խոսելու համաճարակի կամ նույնիսկ բռնկման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:
Վարակաբանի խոսքերով՝ այնպիսի վտանգավոր վիճակ չէ, որ դպրոցներում դասերի հետաձգման պահանջ լինի. «Դպրոցներում չունենք բացակայությունների այն քանակը, որ նախարարությունը գնա այդ քայլին»:
Արա Ասոյանը նշեց, որ ինչպես նախորդ տարիների նույն ժամանակահատվածում, այս տարի ևս գրիպով և ՍՇՎ-ով հիվանդացությունն աճել է: «Սրանք սեզոնային հիվանդություններ են, որոնց այս օրերի տարածմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ տոնական օրերին մարդկանց հետ շփումն ավելանում է։ Բնականաբար, տարվա ցուրտ ամիսները նույնպես կապ ունեն, վիրուսն իրեն շատ ավելի լավ է զգում հենց այս ժամանակ»,- նշեց Արա Ասոյանը՝ հավելելով, որ թեև սաստիկ ցրտեր չեն, բայց, այդուհանդերձ, ջերմաստիճանը ցածր է:
Ինչ վերաբերում է մարդկանց մոտ ձևավորված այն կարծիքին, թե «ձյան գալով վիրուսը կմաքրվի, հիվանդացության դեպքերը կնվազեն», վարակաբանի խոսքերով՝ գիտական որևէ հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը, բայց կա վիճակագրություն. «Այն օրերին, երբ ձյուն է գալիս, դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այդ օրերին հիվանդությունները նվազում են»:
Արա Ասոյանը հայտնեց, որ Հայաստանի հիվանդանոցներում գրիպով և ՍՇՎ-ով մոտ 670 հիվանդ կա, նրանցից մոտ 96 տոկոսը 0-4 տարեկան երեխաներն են: Նրա խոսքով՝ մեծահասակները նույնպես բավականին հաճախ են գրիպով և շնչառական այլ ինֆեկցիաներով հիվանդանում, բայց, որպես կանոն, տանն են բուժվում և բժշկի չեն դիմում: Իսկ եթե երեխան է հիվանդանում, նրան անմիջապես բժշկի մոտ են տանում կամ անմիջապես հիվանդանոց:
Նրա խոսքով՝ վերջին երեք օրերին Երևանում դիմելիությունը պակասել է, իսկ մարզերում հակառակը՝ մի քիչ ավելացել։
Արա Ասոյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում տարածված են А և В տեսակի գրիպի վիրուսները: