ԵՄ-ն, ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ն, RSF-ն, CPJ-ն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել Մուխթարլիին
Ադրբեջանը կրկին հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ Ադրբեջանին կրկին կոչ են անում չոտնահարել մարդու հիմնարար իրավունքները ու ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիիին։
Եվրամիության արտաքին դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատազրկման դատավճիռը լրջագույն հարցեր է առաջացնում Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ ազատ խոսքի և իրավական գործընթացների հետ կապված: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին դիվանագիտական գերատեսչությունը:
«Վրաստանում Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը և Ադրբեջանում նրա կալանքն ու դատական հետապնդումը պետք է մանրակրկիտ և թափանցիկ հետաքննվեն»,- նշված է Եվրամիության արտաքին քաղաքականության և դիվանագիտության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթն հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը մտահոգված է Մուխթարլիի դատավճռով, ընդգծելով, որ այդ գործը քաղաքական դրդադապատճառներ ունի: Հիթեր Նաուերթը հավելել է՝ Միացյալ Նահանանգներն հետևում է, թե ինչպես է Վրաստանը հետաքննում Մուխթարլիի առևանգման գործը:
Իր հերթին ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը դատապարտել է Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարով ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշումը: «Դատավճիռը, որը հիմնված է հետաքննող լրագրողի դեմ կեղծ մեղադրանքների վրա, պարզ հարձակում է ազատ լրատվամիջոցների նկատմամբ: Անկախ լրագրողներին լռեցնելն անընդունելի է»,-նշել է վերջինս։
«Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես դատապարտել են ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի 6 տարվա ազատազրկումը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող Նինա Օգնիանովան նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է սովորեն հանդուրժել հետաքննական լրագրությունը և դադարեցնեն քննադատներին բանտ նետելու գործընթացը։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին, Բաքվում Վրաստանից առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Մուխթարլին հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ, վերջին երկու տարին նա բնակվում էր Վրաստանում: