Լավ ավանդույթ է՝ քաղաքական ուժերը ցեղասպանության դատապարտման հարցում ունեն նույն դիրքորոշումը. Շարմազանով
«Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություն կատարած մարդկանց և ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսևորումները կանխելու համար»,- ԱԺ-ում «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը։
Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արմեն Աշոտյանը, նրանց են միացել նաև «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ելք» խմբակցությունները։
Մախմուդյանը հիշեցրեց, որ 2014թ. օգոստոսի 3-ին հարձակումներ են եղել Իրաքի Սինջար քաղաքի վրա, հարձակման զոհ են դարձել սկզբնական շրջանում ավելի քան 800 եզդիներ, որից հետո 5000 կանայք և աղջիկներ առևանգվել, ենթարկվել են ստրկության, սեռական շահագործման, որոնք տեղավորում են «ցեղասպանություն» եզրույթի տակ:
Նրա խոսքով՝ եզդի ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները նման են եղել 1915-23 թվականներին հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությանը։
Նախագծով կոչ է արվում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց։
Հարակից զեկուցող Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ որպես Հայաստանի խորհրդարան, պարտավոր են լինել մաքսիմալ շիտակ նման գնահատականներում. «չեմ կասկածում, որ այս ակտը կընդունվի միաձայն»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը նշեց, որ շատ կարևոր է, որ ունեն քաղաքական կոնսենսուս։
«Ազգային ժողովում ձևավորվել է շատ լավ ավանդույթ, երբ բոլոր քաղաքական ուժերը՝ դիմություն, թե ընդդիմության, անկախ իրենց ներքաղաքական տարաձայնություններից, ցեղասպանության դատապարտման հարցում ունեն նույն դիրքորոշումը»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև կոչ արեց հունվարի 16-ը ՀՀ-ում ունենալ հիշատակի օր, որը բոլորը կընդունեն որպես հայոց պառլամենտի կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության դատապարտման օր:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները դեռևս շարունակվում են. պատգամավոր
- Եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ընդունվեց ԱԺ նիստերի օրակարգ
- ԱԺ-ն հակված է եզդիների ցեղասպանության մասին որևէ ձևաչափով փաստաթղթի ընդունմանը. Մախմուդյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան