Ինչից են առավել շատ թունավորվում հայաստանցիները
Այս տարի տոնական օրերին Հայաստանում թունավորման դեպքերն ավելի շատ են եղել: Մահվան որևէ դեպք չի գրանցվել:
«Մինչև հունվարի 15-ը սուր թունավորումների բաժանմունք է ընդունվել 46 հիվանդ, նախորդ տարվա 36-ի փոխարեն: Այս տարի առավել շատ էին ալկոհոլային խմիչքից թունավորման դեպքերը: Եթե անցած տարի ունեցել ենք 10 դեպք, ապա այս տարի՝ 21 դեպք»,-լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ ներկայացրեց ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Բուժօգնության դիմած հիվանդներից 9-ի մոտ թունավորման պատճառը գազն է եղել:
Ամփոփելով 2017-ի դեպքերը, Մ. Գաբրիելյանը նշեց, որ ավելացել են օձի կծածի դեպքերը: Ընդհանուր առմամբ 2017-ին գրանցվել է թունավորման 944 դեպք, 2016-ին՝ 991 դեպք:
«2016-ին ամբողջ հանրապետությունում գրանցվել էր 97 դեպք, անցած տարի եղել է 146 հիվանդ: Մահվան մեկ դեպք է եղել»,-ասաց նա:
Մասնագետը փաստում է, որ 2016-ի համեմատ 2017-ին գրեթե կրկնակի ավելացել են գազի հետևանքով թունավորման դեպքերը: Ալկոհոլային խմիչքի թունավորման դեպքերը ևս ավելացել են, եթե 2016-ին եղել է 363 դեպք, որից չորսը մահվան ելքով, ապա 2017-ին գրանցվել է 322 դեպք, որից վեցը՝ մահվան ելքով:
«Մահացողները խրոնիկ ալկոհոլիզմով տառապող մարդիկ են, հիմնականում անօթևան: Ես շեշտում եմ, որ Հայաստանում կեղծված, վատորակ խմիչքի հետևանքով թունավորումներ չեն լինում, դրանք լինում են խմիչքի չարաշահման հետևանքով»,-ասաց թունաբանը:
Նա ցավ հայտնեց, որ վերջին տարիների ընթացքում ալկոհոլից թունավորվածների շրջանում մեծ թիվ են կազմում երիտասարդ տղաները, աղջիկները և կանայք:
Հարակից հրապարակումներ`
- Շմոլ գազից թունավորման դեպք Գյումրիում
- Վարդենիկ գյուղի հարսանյաց սրահում 7 մարդ թունավորվել է
- Ընտանիքի անդամները թունավորվել են պահածոյացված մսից