Անոմալ տաք եղանակով պայմանավորված ավելացել է ինսուլտների և սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվը. սրտաբան
Սրտանոթային հիվանդների դիմելիությունը սրտաբաններին՝ պայմանավորված այս տարվա ձմռան անոմալ տաք եղանակով, ավելացել է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը նշեց, որ դեկտեմբերից սկսած հանրապետությունում ավելացել է ինսուլտների և սրտամկանի ինֆարկտի, զարկերակային բարձր ճնշում ունեցողների թիվը:
Նրա խոսքով՝ եղանակային փոփոխությունների հետ կապված զարկերակային ճնշումը և ընդհանրապես սիրտ-անոթային հիվանդությունները սրանում են. «Սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար տաք ձմեռը պակաս վտանգավոր չէ: Մեր օրգանիզմը սովոր է, որ աշնանից հետո ցուրտ ձմեռ է գալիս, անոթները պետք է աշխատեն եղանակին համապատասխան: Երբ եղանակն այս ժամանակահատվածում տաք է լինում, օրգանիզմի հարմարվողականության մեխանիզմները խանգարվում են, առաջանում է արյունատար անոթների սպազ: Առողջ մարդկանց համար այս եղանակը, որպես կանոն, խնդիրներ չի ստեղծում, բայց այն մարդիկ, որոնք արդեն սրտանոթային հիվանդություններ կամ դրանց հանդեպ հակվածություն ունեն, պետք է ավելի զգույշ լինեն»,- նշեց սրտաբանը:
Նման եղանակի ժամանակ, ըստ նրա, ընկնում է մարդու դիմադրողականությունը, իսկ եթե սրտանոթային խնդիրներ, շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ դիմադրողականությունն ընկնում է, ապա գլուխ են բարձրացնում սիրտ-անոթային հիվանդությունները:
Մարինե Օրդյանն ասաց, որ դեկտեմբերին օրական երկու-երեք հիվանդ` սրտամկանի ինֆարկտով, ուղարկել է հիվանդանոցներ: Ըստ նրա՝ եթե հաշվի առնեն, որ մյուս սրտաբանների մոտ ևս նման դիմելիություն է եղել, ապա այս հիվանդների թիվն ավելացել է:
«Նախորդ տարի էլ աննախադեպ ցուրտ և մառախլապատ եղանակ էր, սիրտ-անոթային հիվանդների թիվը կրկին ավելացել էր: Այսինքն՝ օդի ջերմաստիճանի ցանկացած փոփոխություն կարող է հիվանդությունների սրացում առաջ բերել»,- հայտնեց սրտաբանը:
Մարինե Օրդյանը նշեց, որ վերջին տարիներին նկատելի է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացման միտում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
«Եթե 20-25 տարի առաջ զարկերակային գերճնշումով դիմում էին 40-45 տարեկանում, վերջին 10-15 տարիներին 25 տարեկանից սկսած զարկերակային ճնշում ունեն: Դա կապված է երիտասարդների նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությամբ: Բնականաբար, ժառանգականությունը, ոչ առողջ ապրելակերպը, գիրությունը, սնունդը մեծ նշանակություն ունեն, բայց նյարդահոբեբանական ծանրաբեռնվածությունն ազդում է առողջության վրա»,- ասաց սրտաբանը: