Նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը կանաչ լույս է ՀՀԿ-ի թեկնածուի համար. Փաշինյան
Նախագահի ընդդիմադիր թեկնածուի չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել Հանրապետական թեկնածուի համար: ԱԺ-ում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության կողմից իրենց թեկնածուին չսատարելու փաստին՝ Փաշինյանը նշեց. «Մեզ համար շատ ցավալի փաստ է։ Խորհրդարանական մարմինների ձևավորման ընթացքում մենք կողմ ենք քվեարկել «Ծառուկյան» խմբակցության բոլոր թեկնածուներին։ Անկախ ամեն ինչից՝ դա արել ենք, որպեսզի հնարավորություն ստեղծենք առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ ձևավորելու համար, բայց այդ ջանքերն այս պահի դրությամբ ցանկալի արդյունքներ չեն տալիս, և դա ցավալի է»:
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե արդյոք պետք է մի նախաձեռնությամբ հանդես գալ, որի իրականացումը գրեթե հավանական չէ, Փաշինյանն ընդգծեց. «Մենք խորհրդարանում փոքրամասնություն ենք, խնդիրը հետևյալն է՝ մենք հարմարավում ենք այդ կարգավիճակին, թե դա փոխելու քայլեր ենք անում»։
Փաշինյանը նաև անդրադարձավ «Ծառուկյան» դաշինքի այն հայտարարություններին, որ իրենք նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարելու վերաբերյալ «Ելք»-ից առաջարկ չեն ստացել:
««Ծառուկյան դաշինքը» չի կարող ստացած չլինել մեր գրությունը։ Դա ուղարկվել է, ինչը պաշտոնապես ֆիքսված է։ Ես ինքս Վահե Էնֆիաջյանի ձեռքին տեսել եմ այդ նամակը», - ընդգծեց խորհրդարանականը։
Դիտարկմանը, թե արդյոք հավանական է, որ Հանրապետականն այնպիսի թեկնածու առաջադրի, որին «Ելք»-ը կարող է կողմ լինել, խմբակցության ղեկավարը նշեց.
«Չեմ կարծում, թե էդպիսի հնարավորություն կա»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին. Վահրամ Բաղդասարյան
- Բարսեղ Բեգլարյանը կդառնա ՀՀ նախագահ. «Փաստ»
- «Ծառուկյան» խմբակցությունը չի քննարկել Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու «Ելք»-ի առաջարկը. «Ժամանակ»
- «Ելք»-ը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին