Փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու իրավունքը փաստաբանին ճնշելու միջոց է. Էմիլ Ամիրխանյան
Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու լիազորությունը փաստաբանի վրա անմիջականորեն ներգործելու միջոց է: «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հունվարի 16-ին Երևանում կազմակերպված քննարկմանը այս մասին նշեց Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը:
Նա նշեց՝ փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակվում է այն դեպքում, երբ գտնում են, որ նրա վարքագիծը ոչ իրավաչափ է:
«Արդյո՞ք անհրաժեշտ էր դատական օրենսգրքում նման մեխանիզմի ներդրումը: Պետության կողմից ցանկացած մեխանիզմի ներդրում պետք է լինի անհրաժեշտ, նաև՝ համաչափ: Պետք է նպատակի և կիրառման միջոցի միջև հավասարակշռություն պահպանվի»,- ասաց նա:
Ամիրխանյանի խոսքով՝ չնայած նախագծի հիմնավորումներում բացակայում է որևէ փաստարկ, թե որն էր նման մեխանիզմ նախատեսելու նպատակը, դա կարող է լինել փաստաբանի՝ ոչ իրավաչափ, ոչ բարեխիղճ վարքագիծը: Հարց է առաջանում, սակայն՝ արդյո՞ք այս մեխանիզմը ծառայելու է այդ նպատակին: ՓՊ ներկայացուցչի պնդմամբ՝ հակառակը՝ սա գործիք է դառնալու՝ փաստաբանին ճնշելու, նրա վրա ներազդելու:
«Դատարանն է գնահատելու փաստաբանի վարքագծի իրավաչափությունը: Փաստաբանի վարքագծի իրավաչափությունը գնահատելու է մի մարմին, որին հասցեագրվել էր այդ վարքագիծը, բնականաբար՝ դատարանը չի կարող անաչառ լինել»,- ասաց նա:
Ամիրխանյանի խոսքով՝ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնելու կայացման պահից, ու անգամ բողոքարկումը դրա կատարումը չի կասեցնելու, և սա վիճարկելի է: Մտահոգիչ է նաև այն, որ երկար ժամկետներ են նախատեսված բողոքարկման ու բողոքների քննության համար, սա անիմաստ է դարձնում ողջ պրոցեսը:
«Փաստաբանների վարքագծի վարույթը կարգավորող օրենսդրական նորմերը բնականաբար իդեալական չեն, հատկապես որ օրենսդրությամբ նախատեսված են երկար ժամկետներ այդ հարցի քննարկման համար՝ թե խորհրդում, թե նախապատրաստողի կողմից: Այլընտրանքային առաջարկ է արվել՝ կրճատելու այդ ժամկետները, դա կլուծի խնդիրները՝ չի խոչընդոտի փաստաբանի անկախությանը, կապահովի գործընթացի թափանցիկությունը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մեր մասնակցությունը ողջունում են, հետո ընդունում են այն, ինչ հարմար են գտնում. Իրավապաշտպան
- Դատավորին լուրջ կախման մեջ են դնում դատարանի նախագահից. Հայկ Ալումյան