Վիճակախաղի մասնակցելու 18 տարեկանի շեմը պետք է դարձնել 21. Ֆարմանյան
Ազգային ժողովն այսօր քննարկում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Օրինագծերը հեղինակել են պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Աղվան Վարդանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հրայր Թովմասյանը, Վարդևան Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը, Գագիկ Մելիքյանը, Ռուստամ Մախմուդյանը, Շուշան Սարդարյանը, Սերգեյ Բագրատյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը և Ջեմմա Բաղդասարյանը։
Հիմնական զեկուցող պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտնեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք փոփոխություն։
«Գործող օրենսդրության տարիքային շեմ է սահմանվում՝ «Վիճակախաղի մասին» օրենքի դեպքում՝ 18 տարին, «Շահումով խաղերի դեպքում»՝ 21 տարեկան քաղաքացիները, որոնք կարող են մասնակից դառնալ այդ շուկային։ Նախատեսված տուգանքի չափը կազմում է 100 հազար դրամ։ Ես հարցումով դիմել եմ Ֆինանսների նախարարություն 2014-17 թվականների ընթացքում նախարարությունը նման մեկ սանկցիա է կիրառել որպես վարչական իրավախախտում։ Բոլորիս համար ակնհայտ է, որ այդ տարիների ընթացքում հազիվ թե մեկ դեպք լիներ, ակնհայտ է, որ գործող այս սանկցիան չի ծառայում իր նպատակին»,- նշեց Ֆարմանյանը։
Պատգամավորի խոսքով՝ ատերը հավանաբար ականատես են եղել բազմաթիվ դեպքերի, երբ անչափահաս քաղաքացիները կարողանում են օգտվել խաղադրույքներ կատարելու ծառայություններից։
«Օրենսդարական նախաձեռնությամբ հանդես գալուս հետո, ես անձամբ զուտ իմ հետաքրքրությունից ելնելով, փողոցներում տեղադրված ապարատներում ինքս ինձ համար տասը ֆոտո եմ արել, երբ ակնհայտ ոչ 18 տարեկան քաղաքացին խաղադրույք է կատարում։ Մենք առաջարկում ենք 100 հազար դրամ տուգանքը փոխարինել 2 միլիոն դրամ տուգանքով, եթե այդ խախտումը տեղի է ունենում առաջին անգամ։ Եթե մեկ տարվա ընթացքում այդ խախտումը կրկնվում է երկրորդ անգամ, այսինքն` այդ ընկերությունը խախտման դեպքն արձանագրելուց և տուգանքը նշանակվելուց հետո չի վերափոխում իր վարքագիծը կիրառվում է տուգանք հինգ միլիոն դրամի չափով։ Խախտումը երրորդ անգամ կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք` 10 միլիոն դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտում անելուց հետո այդ ընկերությունը զրկվում է լիցենզիայից»,-մանրամասնեց պատգամավորը։
Մյուս առաջարկությունը տարիքային շեմում փոփոխություն կատարելուն է վերաբերում, եթե այսօրվա գործող օրենսդրությամբ 18 տարեկան քաղաքացին կարող է վիճակախաղի մասնակցել, ապա փոփոխությամբ առաջարկվում է այդ շեմը դարձնել 21։
Հարակից զեկուցող ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը նշեց, որ փաթեթը հեղինակների հետ քննարկել են, չնայած ընդհանուր գաղափարախոսությունը համահունչ է կառավարության վարած քաղաքականությանը, բայց այնուամենայնիվ կառավարությունն ունեցել է որոշ դիտողություններ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։
«Քննարկման առարկա պետք է դառնա 18 տարեկան շեմի փոփոխությունը 21 տարեկան, սակայն դա ոչ իրավական, ոչ տնտեսական եզրակացությունը կառավարությունը չի տվել, այդ հարցը քննարկման առարկա պետք է դառնա»,-ասաց փոխնախարարը։
Կարեն Թամազյանին հարց ուղղեց պատգամավոր Արման Սաղաթելյանը, թե այս ոլորտում քանի՞ տնտեսվարող սուբյեկտ կա, և տեսչական մարմինն ի՞նչ կադրային ռեսուրս և պոտենցիալ ունի այդ ամենը վերահսկելու համար։
«Վիճակախաղի 5 գործող կազմակերպիչ կա, ինտերնետ շահումով խաղերի 3 կազմակերպիչ և 4 խաղատուն։ Վիճակախաղերն ունեն մեծ ծավալված ցանց, միջինում մոտ 200 կետեր, ստուգող մարմինը Լիզենզավորման պահանջների հսկողության տեսչությունն է, որի հաստիքային միավորների քանակն 9-ն է։ Ստուգումները կատարվում են ըստ նախապես հայտարարված պլանների, այսինքն՝ ամեն տարվա վերջ ներկայացվում է, թե մյուս տարի ում ենք պատրաստվում ստուգել, վարչապետը հաստատում է այդ ծրագիրը»,-պատասխանեց Թամազյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան