Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գնաճը պայմանավորված է հարկային փոփոխություններով. Շաբոյան
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց ՀՀ Նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև գնաճի վերահսկողության ուղղությամբ կատարվելիք քայլերը:
Ա.Շաբոյանն անդրադարձավ հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների թանկացման վերաբերյալ հարցին, ինչպես նաև ներկայացրեց լայն սպառման մթերքների վերաբերյալ դիտանցումների և ուսումնասիրությունների արդյունքները:
Խոսելով տարեսկզբից դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված բնական գազի շուկաներում արձանագրված գնաճից՝ ՏՄՊՊՀ ղեկավարը նշեց, որ Հանձնաժողովը մանրամասն հաշվարկներ է իրականացրել՝ պարզելու, թե որքանով են տեղի ունեցած փոփոխությունները համահունչ հարկային դրույքաչափերի փոփոխություններին:
Նրա խոսքով՝ մոնիտորինգի համաձայն, 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը՝ 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: Կատարված հաշվարկներն, ըստ նրա, ցույց են տալիս, որ գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով:
Արտակ Շաբոյանը մանրամասնեց, որ հունվարից բենզինի ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվով նախկին 25.000 դրամի փոխարեն դարձել է 40.000 դրամ, բացի այդ, մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը 120 000 դրամից, դարձել է 135 000 դրամ, ինչն էլ, բնականաբար անդրադարձել է վերջնական գնի վրա:
ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ նաև դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի շուկաներին. «Նախկինում դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից: Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35000 դրամ: Հունվարից ակցիզային հարկը նվազել է՝ դառնալով 13 000 դրամ, սակայն, դրան զուգահեռ, ավելացել է ԱԱՀ-ն, որը նախկինում չի եղել: Նշված փոփոխությունները մեր հաշվարկներով 1 լիտր դիզելային վառելիքի վրա կարող էին անդրադառնալ մոտ 60 դրամով»:
Ինչ վերաբերում է բնական սեղմված գազին, ապա Արտակ Շաբոյանը նշեց, որ 2018-ի հունվարից այս ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը 1000 խմ-ի համար նախկին 8330 դրամի փոխարեն կազմում է արդեն 25 000 դրամ: Այսինքն, ակցիզային հարկի մեծությունը ավելացել է 16 670 դրամով: Հաշվի առնելով, որ նշված գումարին ավելանում է նաև ԱԱՀ-ն, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 000 դրամ:
Ի պատասխան բենզինի գնագոյացման, մասնավորապես հարևան Վրաստանի գների հետ համեմատականի վերաբերյալ հարցին, Ա. Շաբոյանը պատասխանեց, որ նախ այսօր երկու երկրներում բենզինը վաճառվում է գրեթե նույն գնով և, բացի այդ, ՀՀ և Վրաստանի գները համադրելի չեն, քանի որ տարբեր է ձեռքբերման և ներկրման աշխարհագրությունը. «Մենք բենզինը ձեռք ենք բերում հիմնականում ՌԴ-ից, Ռումինիայից և Բուլղարիայից, իսկ Վրաստանը՝ Ադրբեջանից և Թուրքմենստանից: Բացի այդ, մենք բենզինի տեղափոխումը իրականացնում ենք Վրաստանի տարածքով՝ երկաթուղային տրանսպորտի միջոցով, ինչն էական ազդեցություն ունի գնագոյացման վրա»: