«Դրա մասին բարձրաձայնելն այս ամբիոնից տեղին չէ». փոխնախարարը՝ պատգամավորին
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխում է 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունից»,- խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ օրինագծով երկու հարց է լուծվում. «Առաջինը՝ ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումը և ընդհանուր ղեկավարումն այս օրենքով վերապահված է հանրապետության նախագահին, մինչդեռ 15-ի Սահմանադրությամբ սպառիչ թվարկված են նախագահի լիազորությունները, և նման լիազորություն չունի. ուստի այս նախագծով նախատեսվում է այդ լիազորությունը վերապահել վարչապետին։ Երկրորդ փոփոխությունը, ըստ նրա, այն է, որ օրենքում օգտագործվող «հանրապետական գործադիր մարմիններ» բառակապակցությունը փոխարինվել է «պետական կառավարման մարմիններ» բառակապակցությամբ»։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը փոխնախարարին հարց ուղղեց. «Այսօր աշխարհը պայքար է մղում ահաբեկչության դեմ, մենք, բարեբախտաբար, այդ կիզակետում չենք, բայց այնուամենայնիվ որևէ երկիր ապահովագրված չէ ահաբեկչությունից։ Մենք ինչ գործողություններ ենք իրականացնում այդ պայքարում»։
Արթուր Հովհաննիսյանը հավատացրեց, որ բավական լուրջ գործողություններ կատարվում են և գաղտնի են պահվում, դրա մասին բարձրաձայնելն այս ամբիոնից տեղին չէ:
«Մենք կիզակետում չենք նաև պայմանավորված է ակտիվ գործողություններով, որոնք համապատասխան մարմինները շարունակաբար ձեռնարկում են»։
Պատգամավորի հարցին, թե միջազգային կառույցների, այլ երկրների հետ համագործակցություն կա այս հարցով, հիմնական զեկուցողը պատասխանեց. «Իհարկե, համագործացության տարբեր ֆորմատներ կան, առանց համագործակցության չենք կարող լուրջ արդյունքներ ունենալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին