Եթե երթուղայինների վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն էլ են բողոքում. Էդմոն Մարուքյան
Թանկացումները բոլորիս են վերաբերում, և եթե երթուղայինների վարորդները բողոքում են, նշանակում է՝ գծատերերն էլ են բողոքում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքների տեր է, կապ չունի՝ ով ում է ընտրել: Բոլորին կոչ ենք անում միասին դուրս գալ պայքարելու: Առանձին պայքարն արդյունք չի տալու: Պետք է միասին դուրս գանք փողոց և մեր բողոքի ձայնը բարձրացնենք: Միայն այդ դեպքում իշխանությունը կգնա զիջումների, և Հարկային օրենսգիրքը կփոփոխվի: 1000 խորանարդ մետր սեղմված գազի ակցիզային հարկը 8333 դրամից դարձնում են 25 հազար դրամ:
Մեր տվյալներով, հանրային տրանսպորտը սպասարկող ընկերությունները կանգնած են շատ լուրջ խնդրի առաջ, որովհետև քաղաքական որոշում կա՝ թույլ չտալ ուղեվարձի բարձրացում, բայց մյուս կողմից կա Հարկային օրենսգրքի փոփոխություն, որով ակցիզային հարկը թանկացվում է»,- ասաց խորհրդարանականը:
Լրագրողներն Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցին՝ արդյոք «Ելք»-ը կմասնակցի լսումներին: Ի պատասխան՝ պատգամավորը նկատեց, որ դրանք իրենց երթից հետո են:
«Հարկային օրենսգիրքը պետք է փոխել, գալ այն իրավակարգավորումներին, որոնք կային մինչև հունվարի 1-ը: Եթե իշխանությունը տեղի չտա մեր պահանջներին, կլինի երկրորդ, երրորդ զանգվածային միջոցառումը: Անելիքը որոշված է՝ պայքար թանկացումների դեմ: Առայժմ բոլոր ուժերը կոնսոլիդացնում ենք թանկացումների դեմ երթի անցկացման վրա»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան