«Ելք»-ն առաջարկում է սահմանափակել և խստացնել անձանց մուտքը խաղատներ
Խորհրդարանում քննարկման ներկայացվեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որի հեղինակներն են պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը։
Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ առաջարկում են սահմանված կարգով ստուգվեն խաղատներ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հսատատող փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքրի վերաբերյալ. «Առաջարկվում է նաև մոլախաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակվեն, և դրա համար կարգ է նախատեսվում»։
Պատգամավորը հիշեցրեց, որ գործող օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահ, խաղադրույքներ կատարել և մասնակցել այդ խաղերին, բայց վերահսկողության կարգ սահմանված չէ:
«Հիմա մենք նախատեսում ենք առանձին ընթացակարգ, որ մուտք գործող անձի փաստաթուղթը ստուգվելու է, պարզելու` արդյոք լրացած է նրա 21 տարին։ Նախագծի փոփոխության հարցում կառավարության հետ համաձայնության չենք եկել այն հարցում, որ խաղամոլ ճանաչված անձն ինքը դիմի ֆինանսների նախարարություն, ինքնարգելքի միջոցով սահմանափակի իր խաղասրահ մուտք գործելու հնարավորությունը: Այսինքն` անձը նշի, որ ինքը տարվել է մոլախաղերով և ստորագրում է թուղթ, որով իրեն կարգելեն ՀՀ տարածքում ցանկացած խաղասրահ մուտք գործել»,- մանրամասնեց Մարուքյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրամյանը Մարուքյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է կառավարությունը ինքնաարգելանքի առաջադրած մեխանիզմը մերժել, ի՞նչ հիմնավորմամբ։
Հիմնական զեկուցողը պատասխանեց, որ հիմնականում իրավական բնույթի էր մերժումը. «Պնդում էին, որ քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս»։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հետաքրքրվեց, թե կա՞ սահմանված ընթացակարգ. «Անձը ճանաչվում է սահմանափակ անգործունակ այս խաղամոլությամբ տարվելու հետևանքով, եթե սա դիագնոզ է, ապա ընթացակարգ պետք է ունենա, և ունե՞նք արդյոք նախադեպեր կամ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այդ հարցը»։
Մարուքյանը պատասխանեց, որ սահմանափակ անգործունակ ճանաչելու ինստիտուտը նոր բան չէ. «Այն գոյություն ունի քաղաքացիական դատավարության օրենսգրքով, և մենք անելիք չունենք, թե ինչպես է ճանաչվում, այսինքն՝ խաղամոլություն ֆիքսած փորձաքննության ընթացակարգ գոյություն ունի, թե ինչպես է դատարանը ճանաչում խաղամոլ»,-ասաց նա:
Պատգամավորի մեկ այլ հարցին, թե համացանցային տիրույթում սահմանափակումներ ունենալու հեռանկարներ տեսնու՞մ են, թե ո՞չ, հիմնական զեկուցողը պատասխանեց, որ համացանցային խաղերի հետ կապված առաջարկներ ստացել են նաև գործընկներներից, ովքեր շահագրգռված են այս հարցը լուծել:
«Պետք է աշխատանքային ֆորմատով քննարկել, հնարավորինս նվազեցնել խնդիրները համացանցում խաղերից տարվելու համար: Ավելի բարդ է քան այս դեպքում, որովհետև հսկողության խնդիրներ կան, բայց կարծում եմ՝ տարբերակներ կարող ենք գտնել միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին