Հենրիկ Նավասարդյան. Ուղեվարձի թանկացման մասին խոսակցություն չկա ընդհանրապես
«Ինչ-որ մարդիկ են դրդել վարորդներին այդ քայլին գնալ, որովհետև երթուղիները սպասարկող ընկերությունները տեղյակ չէին վարորդների բողոքից, բոլորը զարմացել էին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրոնասպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ անդրադառնալով երթուղային տաքսիների վարորդների գործադուլին:
Քաղաքապետարանի պաշտոնյան չի համարում, որ գործադուլ է եղել, ասում է, որ մի քանի գծից 3-4 մեքենա չի աշխատել:
«Հասարակ տրամաբանություն կա, եթե ղեկավարությունը տեղյակ լիներ, ամբողջ երթուղին կկանգնեցներ: Եթե չի կանգնեցրել, նշանակում է, որ իրենց կողմից կազմակերպված բան չէր: Կամ դրսի ուժերի կողմից կազմակերպված բան էր, կամ էլ մի քանի հոգի կանգնել են, մյուսներն էլ եկել են, թատրոնի նման կողքները կանգնել են»,-կարծիք հայտնեց նա:
Հարցին, թե ում ի նկատի ունի Նավասարդյանը դրսի ուժեր ասելով, պատասխանեց, կամ սովորական քաղաքացիներ, կամ վարորդներ, կամ էլ՝ չգիտի:
«Հիմնավոր համարո՞ւմ եք վարորդների բողոքը» հարցը բարկացրեց վարչության պետին:
«Ինչի՞ եք էդ հարցը ինձ տալիս: Դուք հիմնավոր համարո՞ւմ եք: Ինձանից մի կառչեք: Նորություն չեք ասում, 2-3 օր է՝ Աժգային Ժողովը էդ հարցն է քննարկում, տրանսպորտի նախարարությունը էդ հարցն է քննարկում: Իրենք էդ հարցը բարձրացրել են, դուք ինչի՞ եք էդ հարցն ինձ տալիս: Ամբողջ հանրապետության լիազոր մարմինը տրանսպորտի նախարարությունն է: Եթե տրանսպորտի նախարարությունը հարց է բարձրացնում, ես ո՞վ եմ, կարող եք ինձ ասել»,-արձագանքեց նա:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակից վարորդները պահանջում էին կամ գազը էժանացնել, կամ էլ ուղևորավարձը թանկացնել: Քաղաքապետարանի ներկայացուցիչը շտապում է տեղեկացնել. «Ուղեվարձի թանկացման մասին խոսակցություն չկա ընդհանրապես»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե երթուղայինների վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն էլ են բողոքում. Էդմոն Մարուքյան
- Վարորդները պահանջում են կամ գազը էժանացնել, կամ ուղևորավարձը թանկացնել
- Մի քանի երթուղային տաքսիների վարորդներ գործադուլ են հայտարարել