Փաշինյանը խորհրդարանին ներկայացրեց թոշակի անցած սպաների բողոքը
ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ իրեն են դիմել ՀՀ ԶՈւ մի քանի տասնյակ պաշտոնաթող, այսինքն՝ թոշակի անցած սպաներ, շուրջ 500 նման սպաների անունից և բարձրաձայնել են հետևյալ խնդրի մասին։
«Սպաները հերթագրվում են բնակարան ստանալու համար և ստացվել է, որ 20-25 տարի ՀՀ ԶՈւ ծառայելով սպան կարող է բնակարան չստանալ, բայց այդ ընթացքում միակ մխիթարանքը այն է, որ ընդհանուր հերթացուցակի նրա տեղը բարելավվել է, քանի որ ուրիշներն են բնակարան ստացել: Բայց խնդիրն այն է, երբ զորացրվում է, թոշակի է անցնում սպան, անմիջապես հանում են ցուցակից, նոր ցուցակի մեջ են գրում, ինչը նշանակում է, որ կորցնում են բնակարան ստանալու կամ գոնե հերթում բարելավված լինելու արտոնությունը, այսինքն՝ գործընթացը զրոյից են սկսում»,-ներկայացրեց Փաշինյանը։
Պատգամավորը մեկ հատված կարդաց սպաների դիմում-բողոքից. «Սա դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ, դավաճանություն է բոլոր վաղվա սպաների նկատմամբ, ովքեր հստակ գիտակցելու են, որ վաղը իրենց համար էլ բյուջեում փող չի լինելու և այդքան հանգիստ իրենց ընտանիքներով դեն են նետվելու ազգի ողնաշարը ջարդողների կողմից։ Պահեստազորի թոշակառու սպաները չեն կարողանում իրենց որդիներին բացատրել, թե ինչու իրենց համար այդպես էլ փող չկա բնակարանային ապահովումն իրականացնելու համար»։
Բողոքում նշվում է, որ բնակարանները տրվում է զարտուղի ճանապարհով, կոռուպցիայով, քավոր-սանիկ կապերով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները