Առաջին ընթերցմամբ ընդունվեց միասնական երթուղային ցանց ստեղծելու օրինագիծը
Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այսօր քվեարկության ներկայացրեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց։
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «Գտնում ենք, որ որակ և գների զսպում կարող է ապահովել միայն մրցակցությունը և շուկայական հարաբերությունները։ Մենք այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում և դեմ ենք քվեարկելու»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ այս նախագիծը բավականին ռիսկային է, հատկապես հաշվի առնելով, որ մեկ օպերատորին հանձնելու դեպքում հնարավոր է տրանսպորտային գնի թանկացում. «Այս փուլում մենք ձեռնպահ կքվերակենք՝ ներկայացնելով մեր առաջարկությունները, եթե չընդունվի, ապա մենք ընդհանրապես այս գաղափարին կլինենք դեմ»։
Օրինագծին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 7, ձեռնպահ 27 պատգամավոր։
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը միաձայն ընդունեց նաև «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանն ընդունեց եզդիների ցեղասպանության դատապարտման օրինագիծը
- Ապակու արտադրության հումքն ԱԱՀ-ից ազատելու օրինագիծն արժանացել է կառավարության հավանությանը
- Առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց. Գագիկ Գրիգորյան