Դատավորին լուրջ կախման մեջ են դնում դատարանի նախագահից. Հայկ Ալումյան
Դատավորների անկախության հարցը դատական համակարգի կայացման կարևորագույն խնդիրներից է: Այսօր Երևանում «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի» վերաբերյալ հանրային քննարկմանը փաստաբան Հայկ Ալումյանն առանձնացրեց դատավորների ֆինանսական անկախության հարցը:
Նրա խոսքով՝ պետք է գիտակցել, որ դատավորը ֆինանսական կախման մեջ չէ կողմերից մեկից:
Փաստաբանը նշեց՝ դատական գործերի ութսուն տոկոսը, խոսքը քաղաքացիական գործերի մասին է, բանկին է վերաբերում, այսինքն՝ մեծ մասամբ կողմերից մեկը լինում է բանկը, հիմնականում բանկերն են դատի տալիս քաղաքացուն, հակառակը հազվադեպ է լինում:
Ալումյանի խոսքով՝ պետք է հայտարարագրել այս կամ այն բանկի հետ տվյալ դատավորի ունեցած հարաբերությունները, կարող է պարզվել՝ նա շատ մեծ կախման մեջ է տվյալ բանկից:
Հաջորդ խնդիրն, ըստ Ալումյանի, դատարանների նախագահների դերն է. վերջիններիս նշանակում է հանրապետության նախագահը:
«Դատարանների նախագահին տրված է իրավունք՝ դատավորի կողմից առերևույթ խախտում հայտնաբերելու դեպքում նա պիտի դիմի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Ենթադրվում է՝ նա ունենալու է իրավունք նաև սեփական քննություն անցկացնելու: Սա կարող է դատավորին լուրջ կախման մեջ դնել դատարանի նախագահից»,- ասաց նա:
Փաստաբանին մտահոգում է նաև բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հարցը: Այս խորհուրդը դատավորներին դատական պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունների դադարեցման հարցերը քննարկելիս փաստորեն հանդես է գալիս որպես դատարան:
Ըստ Ալումյանի՝ պետք է օրենսդրությամբ այս խորհրդի որոշումները որևէ ձևով վիճարկելու հնարավորություն լինի, սակայն չկա, ուստի հնարավոր չէ խուսափել կամայականություններից, ասել, որ նախագծով կարգավորումներն ավելի դրական են:
Փաստաբանի խոսքով՝ պետք է նաև հաշվի առնել, որ ներկայում էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով աշխատանքը, գործունեությունը լիարժեք փակ է, թափանցիկ չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան