Մեր մասնակցությունը ողջունում են, հետո ընդունում են այն, ինչ հարմար են գտնում. Իրավապաշտպան
Դատական իշխանության և դատավորի անկախությունը կարևոր է, քանի որ անպատժելիության մթնոլորտի հաղթահարման միակ երաշխիքը դատական համակարգի անկախությունն է: Այսօր կազմակերպված քննարկմանը, անդրադառնալով քաղհասարակության կողմից Հանրային շահի դատական պաշտպանությանը, նման գնահատական տվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
«ՀԿ-ների դերը դատական իշխանության կայացման, դատական իշխանության գործունեության իրականացման մեջ հիմնական խնդիրն է, որ մենք ցավով արձանագրում ենք՝ ամբողջությամբ ապահովված չէ, չնայած՝ կա նաև ՍԴ որոշումը: Որոշումների ընդունման մեջ ՀԿ-ների մասնակցության մասին մի շարք կոնվենցիաներ կան, որոնցով՝ պետությունը պետք է բարենպաստ միջավայր ձևավորի ՀԿ-ների համար՝ որոշումների կայացմանը մասնակցելու ուղղությամբ, ընդ որում՝ ոչ միայն փաստացի, այլև իրավաբանորեն, նաև այդ մասնակցության արդյունավետությունը պետք է ապահովի»,- ասաց նա:
Սաքունցը ընդգծեց՝ այս կոնվենցիաներին հակառակ՝ «ՀԿ-ների մասին» օրենքով ՀՀ խորհրդարանը նեղացրեց ՀԿ-ների՝ հանրային շահի ներկայացման բնույթը՝ այն միայն բնության պահպանության բնագավառում թողնելով: Սա էլ, ըստ իրավապաշտպանի, երևի թե պայմանավորված էր Օրհուսի կոնվենցիայի վավերացմամբ:
Սաքունցի խոսքով՝ ՀՀ իշխանությունը գործնականում, փաստորեն, չի ապահովում բարենպաստ միջավայր՝ ՀԿ-ների արդյունավետ մասնակցության համար: E-draft-ով երկխոսություն կամ մասնակցային գործընթացն, ըստ նրա, նույն ձևական մոտեցումն է, ինչ եթե համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպեն, իրենց առաջարկը լսեն, հետո ընդունեն որոշում, մինչդեռ առաջարկության վերաբերյալ հստակ պատճառաբանված, հիմնավորված մերժում կամ ընդունում պիտի լինի:
«Մեր մասնակցությունը ողջունում են, հետո ընդունում են այն, ինչ իրենք հարմար են գտնում: Լուրջ առաջարկներ էինք ներկայացրել մեր խմբի կողմից, առանց մեր փաստարկները լսելու՝ այս հարցը մտցրին ԱԺ օրակարգ, որը ոչ համահունչ է միջազգային ամրագրված սկզբունքներին»,- ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ դատական իշխանության կազմակերպմանը ՀԿ-ների մասնակցությունը հասցված է ձևական կարգավիճակի, ուստի չի կարելի գնահատել, որ իշխանությունը իրավական առումով կամ գործնականում բարենպաստ միջավայր է ստեղծում՝ ՀԿ-ների՝ ընդունվող որոշումներին մասնակցության տեսակետից:
«Մի հռետորական հարց՝ ի՞նչ վնաս ենք տվել ձեզ: ՍԴ դիմողների հիմնական մասը ՀԿ-ներն են, որոնք կարևոր հարցեր են բարձրացնում»,- ասաց նա:
Այսքանից հետո, երբ ՀԿ-ներն ունեն փորձ՝ անմիջապես քաղաքացիների շահերը ներկայացնելու, նրանց խնդիրները տիրապետելու, այդ խնդիրների վրա լուծումներ առաջարկելու, իրավապաշտպանի համոզմամբ՝ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն, եթե իրապես շահագրգիռ են պետության զարգացման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան