Տեղյակ չեմ ինչ մութ փոխհարաբերությունների մասին եք ասում. փոխնախարար
Խորհրդարանում քննարկվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ուղղված են էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը, ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությունների հստակեցմանը, միջպետական առևտրի զարգացմանը։
«Օրենքի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքները հետևյալն են՝ միջպետական առևտրի նոր հնարավորությունների ստեղծում, ներքին պաշտպանության ստեղծման նոր մեխանիզմների ներդրում, ներդրումային միջավայրի բարելավում և գրավիչ պայմանների ստեղծումը ներդրողների համար»,- ներկայացրեց փոխնախարարը։
Հիմնական զեկուցողին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը. «Էներգետիկայի ոլորտում ֆինանսական հոսքերի կտրվածքով միշտ մութ փոխհարաբերություններ են եղել, որը կարծես թե մինչև այսօր էլ շարունակվում է, այս փոփոխություններն ի՞նչ հստակություն կմտցնեն այդ կտրվածքով։ Ներդրումային քաղաքականությունն ի՞նչ տեսք կստանա, և սպառողին հետաքրքրող մի բան, սա կանդրադառնա՞ սակագնային քաղաքականության վրա»։
Փոխնախարարը պատասխանեց, որ շուկայում գնում են աստիճանական ազատականացման. «Մենք հասկանում ենք, որ մեր էլեկտրաէներգետիկ շուկան ունի որոշակի յուրահատկություն, որը հիմնականում կախված է արտադրության հզորության գների շատ կտրուկ տարբերությունների հետ, այսինքն մենք լրիվ ազատականացնենք շուկան, թողնենք, որ ատոմակայանն ինքը շուկայում վաճառի իր էլեկտրաէներգիան, մեծ ՀԷԿ-երն իրնեք որոշեն գները, հետևաբար ձեր կանխատեսումները, ռիսկերը լրիվ կիրականանան, բայց մենք ունենալու ենք երաշխավորված և հաշվեկշիռային շուկա, որտեղ շուկայի փոքր և միջին սպառողները շարունակելու են օգտվել երաշխավորված մատակարարումից»։
Հայկ Հարությունյանի խոսքով, և կայանների սակագները, և համակարգային ծառայությունների սակագները ֆիքսվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից. «Տեղյակ չեմ ինչ մութ փոխհարաբերությունների մասին եք ասում, բայց բոլոր սակագները և պայմանագրերի ձևերը հաստատվում են ՀԾԿՀ կողմից և հրապարակվում են իրենց կայքում, մութ տեղեկատվություն չկա»։
Բոստանջյանն արձագանքեց. «Միգուցե լավ բառ չօգտագործեցի մութ հարաբերությունների կտրվածքով, բայց ըստ էության դուրս է գալիս, որ հանրային ծառայությունների հանձնաժողովն այլ բան չի անում, քան հաստատում է այն, ինչ որ ներկայացրել են սուբյեկտները»։