Երկու-երեք ամիսների ընթացքում Հայաստանում կարագի գինը կնվազի. Արտակ Շաբոյան
Առաջիկա ամիսներին Հայաստանում կարագի գինը կնվազի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Ըստ նրա՝ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների համաձայն, կարագի գները սկսել էին բարձրանալ դեռևս 2016 թվականի սեպտեմբերից, իսկ այդ բարձրացումն, ըստ նրա, հիմնականում պայմանավորված էր միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներով:
Արտակ Շաբոյանի խոսքով՝ քանի որ կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդական Fonterra ընկերությունից, ապա Հանձնաժողովը դիտարկում է հենց այդ ընկերության վաճառքի գների փոփոխությունները։ «Միջազգային վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ Նոր-Զելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016 թվականի մայիսից, որի ազդեցությունը ՀՀ կարագի շուկայում արձանագրվել է 4 ամիս անց՝ սեպտեմբերից: Fonterra ընկերության կարագի վաճառքի ամենաբարձր գինը 2016-2017 թթ ընթացքում հաստատվել է 2017-ի հուլիսին՝ 1 տոննան շուրջ 6000 դոլար, որի ազդեցությունը ՀՀ կարագի մանրածախ շուկայում արձանագարվել է 2017 թվականի նոյեմբերին՝ 1կգ շուրջ 4520 դրամ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Արտակ Շաբոյան նշեց, որ միջազգային շուկայում կարագի գների նվազում է սկսվել, Հայաստանում ևս այդ ապրանքի գծով նկատվում է նվազման միտում:
«Կարծում ենք, որ առաջիկա ամիսներին կարագը կէժանանա: Չնայած այժմ էլ մեր շուկայում առկա է կարագի գնի փոքր-ինչ նվազում, բայց, ակնկալում ենք, որ միջազգային շուկայում կարագի գների նվազումը, հաշվի առնելով նաև ժամանակային լագը, առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կանդրադառնա նաև տեղական շուկայի վրա»,- ասաց նա:
Արտակ Շաբոյանը նաև հայտնեց, որ կարագի շուկայում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում. եթե նախկինում այս ոլորտի ամենախոշոր ընկերությունը՝ Ալեքս Հոլդինգը կարագի շուկայի կառուցվածքում զբացեղնում էր մոտ 80 տոկոսը, ապա ներկայումս նրա մասնաբաժինը զգալի նվազել է և կազմում է մոտ 55 տոկոս: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ բացի Ալեքս Հոլդինգից, այսօր 28 ընկերություն ևս զբաղվում է կարագի ներմուծմամբ և նրանց բաժին է ընկնում շուկայի 40 տոկոսը: Այդ ընկերությունը հիմնականում կարագ ներմուծում են ԵԱՏՄ երկրներից:
Հարակից հրապարակումներ`
- Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գնաճը պայմանավորված է հարկային փոփոխություններով. Շաբոյան