«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ
Հունվարի 13-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարևանությամբ, մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել:
ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են Շամախյան տեղամաս մասնաճյուղի անտառապահները և ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Կրակն արագ տեղայնացվել է և մարվել մոտավորապես 18:20-ին: Կրակն ընդգրկել է 800 ք.մ տարածք: Ծառապատ հատվածները չեն վնասվել, այրվել է չոր խոտածածկը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Դիլիջան ազգային պարկ»-ի պահպանման բաժնի աշխատակիցների կատարած շրջայցերի ու ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 3 անտառախախտման դեպք /ապօրինի 6 ծառահատում/, կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` հետագա ընթացք տալու նպատակով:
«Պանտեռա Սիքյուրիթի» ՍՊԸ-ի պահնորդական ծառայության հետ համատեղ հատուկ հսկողությունը և շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է:
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում շարունակվում են բնակչությանը քամատապալ, հողմատապալ ծառերից առաջացած վառելափայտի դուրս գրման և բաց թողման աշխատանքները, ինչի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում իրացվել է 51,0 խ.մ փայտանյութ: