«Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքը շատ ավելի ազատական է և առաջադեմ, քան շրջանառվող նոր օրինագիծը. Աշոտ Մելիքյան
ՀՀ արդարադատության նախարարությունում մշակված «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը լուրջ առարկություններ է առաջացրել։ Հունվարի 19-ին Երևանում «Խոսքի ազատության զարգացման և լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» զեկույցի ներկայացմանը այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա ընդգծեց՝ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները նոր օրենք ստեղծելու որևէ անհրաժեշտություն չեն տեսնում: Նրանց համոզմամբ՝ «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքը, որն իր ոգով և սկզբունքներով շատ ավելի ազատական է և առաջադեմ, քան շրջանառվող օրինագիծը, պետք է արդիականացնել՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը և նոր իրողությունները։ Դա, ըստ Մելիքյանի, կարելի է անել օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի ստեղծմամբ, ինչի համար առաջարկվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն Արդարադատության նախարարության և մասնագիտացված հասարակական կազմակերպությունների փորձագետները։
2017-ի տարեվերջին լրագրողական կազմակերպությունների խիստ քննադատությանն արժանացավ նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը։ Այն նույնպես մշակվել է՝ առանց մասնագիտացված հասարակական կառույցներին այդ գործընթացում ներգրավելու: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ փաստաթուղթը պատրաստելիս անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրներին, որոնք կուտակվել ու խորացել են անցած տարիների ընթացքում։
Լրագրողական 3 կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վերանայել օրինագիծը՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կառույցների, ինչպես նաև միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները:
«2017-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը չկայացած հայտարարվեց՝ հայտատուի բացակայության պատճառով։
Այս փաստը ևս մեկ ապացույց է, որ գործող օրենքում նախատեսվող՝ թվային հեռարձակման մասնավոր ցանցի ստեղծման պայմանները, որոնք մեխանիկորեն տեղափոխվել են նոր նախագիծ, անընդունելի են, իսկ լրագրողական կազմակերպությունների քննադատությունը՝ հիմնավոր»,- ասաց Մելիքյանը:
Ըստ զեկույցի՝ հեռարձակման ոլորտին վերաբերող ուշագրավ իրադարձություններ էին նաև ՀՌԱՀ-ի հայտարարած՝ թվային ցանցի միջոցով ռադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները։ Համերկրային, մայրաքաղաքային և մարզային սփռման ռադիոընկերությունների նախատեսվող ընդհանուր թիվը 18 է, նույնքան էլ հայտ է ներկայացվել։ Այսինքն՝ 18 մրցույթներից ոչ մեկը մրցակցային չի եղել, ինչը վկայում է այս ոլորտի անառողջ վիճակի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան