Արայիկ Հարությունյան. 2018թ.-ը բեկումնային տարի կլինի Արցախի տնտեսության համար
Ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ կմեկնարկի Մարտակերտում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
«2018 թվականը լինելու է բեկումնային տնտեսական զարգացման առումով, քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում»,-ասել է նա՝ ամփոփելով անցած տարին ու ներկայացնելով հաջորդ տարվա անելիքները:
Պետնախարարը մանրամասնել է, որ հանքարդյունաբերությունում աճն արձանագրվելու է «Բեյզ մեթըլս» ընկերության արտադրողականության և արտադրանքի զգալի ծավալների ավելացման հաշվին։
«Բացի դրանից, ծրագրեր կան նաև ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ խոշոր նախագիծ է գործում շինարարական քարի արտադրության և արտահանման ուղղությամբ։ Իսկ ահա Սարսանգ-Մատաղիս հատվածում այս տարի մեկնարկելու է մի նախագիծ, որի շրջանակներում ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու տեղական և օտարերկրյա ընկերությունների կողմից։ Արդյունքում, կառուցվելու են ջրամբարներ, որոնք կշահագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության, ձկնաբուծության և զբոսաշրջության նպատակներով»,-ասել է նա:
Արցախի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հարությունյանը նշել է, որ հիդրոէներգետիկայի ոլորտում մի շարք այլ նախագծեր էլ են իրագործվելու տարբեր շրջաններում։
«Գյուղատնտեսության բնագավառում ևս կարևոր ծրագրեր ենք նախատեսում, որոնք ընդգրկելու են ոռոգման համակարգերը, այգեգործությունը, հացահատիկի մշակումը, անասնապահությունը և մնացած հիմնական ճյուղերը։ Ըստ մեր ծրագրի՝ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը զուգահեռ՝ տարիների ընթացքում պետք է իրացնենք նաև բոլոր չմշակվող հողատարածքները»,- նշել է պետնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ձեռքը զարկերակին՝ Արցախի տնտեսություն
- Տնտեսագետ. Արցախի տնտեսության հիմնասյուներն են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և հիդրոէներգետիկան
- «Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան»