Կոստանյան. ՄԻԵԴ Վճռով հաստատվել է, որ կալանավորման պրակտիկան կատարելագործման կարիք ունի
Հանրապետական խմբակցության անդամ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն աննախադեպ չի համարում Ալեքսանդր Արզումանյանի հայցով ՄԻԵԴ կայացրած վճիռը:
«Աննախադեպ չէ: Վճռով հաստատվել է այն փաստը, որ կալանավորման պրակտիկան մեր երկրում կատարելագործման կարիք ունի, և շատ ժամանակ խախտվում են մարդու իրավուքնները: Կարծում եմ, որ դա որևէ մեկի համար անակնկալ չէր»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կոստանյանը:
Նա հիշեցրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ երեք առիթներով մտահոգություն է հայտնել ու համապատասխան հանձնարարականներ տվել կալանքի պրակտիկան փոխելու անհրաժեշտության վերաբերյալ:
«Եվրոպական դատարանը հաստատեց դա, որ կալանավորման ընթացքում չեն պահպանվել կոնվենցիոն և օրենքի պահանջները, չի հիմնավորվել կալանքի անհրաժեշտությունը Արզումանյանի ու այլ պարագայում» , - նշեց Կոստանյանը:
Կոստանյանը փաստեց, երբ Արզումանյանը վիճարկել է իր իրավունքի խախտումը ՄԻԵԴ-ում դեսպան չէր.
«Այն հանգամանքը, որ դեսպան լինելով նման վճիռ կայացվեց, կարծում եմ դրական նշանակություն ունի այն իմաստով, որ մեզ համար որևէ նշանակություն չունի, թե ում իրավունքն է խախտվել՝ կլինի իշխանության մեջ չգտնվող, թե իշխանության մեջ գտնվող անձի»:
ԱԺ պատգամավորը նշեց, որ վճռից պետք է հետևություններ արվեն, կատարվեն օրենսդրական փոփոխություններ:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» գործով։ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Կալանավորումից հետո նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ շուրջ 11 տարի անց՝ այս տարվա հունվարի 11-ին բավարարել է Ալեքսանդր Արզումանյանի բողոքը: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Արզումանյան. «Այս վճիռը կարևոր նշանակություն կունենա»
- ՄԻԵԴ-ը հրապարակել է ՀՀ դեսպանի վճիռն ընդդեմ Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում