ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան․ Բուլղարիան կաջակցի ԱլԳ երկրների հետ համագործակցության հետագա խորացմանը
Այսօր Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Եվրամիության խորհրդում Բուլղարիայի նախագահության առաջնահերթություններն ու նպատակները։ Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Բուլղարիան իր նախագահության առաջնահերթություն է համարում ԵՄ քաղաքացիների խնդիրների ու կարիքների լուծումը։ Բուլղարիան իր նախագահության համար ընտրել է «Միասին մենք ուժեղ կլինենք» կարգախոսը, որը ընդգրկված է նաև Բուլղարիայի Սահմանադրության մեջ ու պետական զինանշանի վրա։ Ինչպես ասաց դեսպանը, այս կարգախոսն ընտրվել է ոչ միայն պատմական նշանակության, այլ նաև Եվրոպայում տիրող ներկա վիճակի հետ պայմանավորված։
«Եվրոպան լավագույնս հաղթահարում է բոլոր արտաքին ու ներքին խնդիրները, երբ միասնական է»,-ասել է դեսպանը, խոսելով այն մասին, թե ինչպիսի վատ հետևանքներ կարող են ունենալ այս միասնականության վտանգումն ու հիշեցրել, թե ինչպիսի ձեռքբերումներ են եղել մայրցամաքում միասնության շնորհիվ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ու կարևորել ժողովրդավարության ու լիբերալ կարգի հաստատումը, բաց տնտեսական հարաբերությունները։
«Մենք ամեն ինչ կանենք՝ ստեղծելու ավելի ապահով, ավելի կայուն ու միասնական Եվրոպա»,-ասել է դեսպանը։
Ներկայացնելով նախագահության ծրագիրը՝ դեսպանը նշել է, որ այն հիմնված է 3 S-ի վրա՝ կայություն, անվտանգություն ու միասնականություն (stability, security, solidarity), որոնց հասնելու համար օգտագործվում է կոնսենսուսի, մրցակցության ու ամբողջականության սկզբունքները, որոնք փոխադարձաբար կապված են միմյանց ու նպատակն է հասնել ուժեղ, միասնական ու թվայնացված տնտեսությամբ Եվրոպայի։
Այս նպատակների իրականացման համար աշխատանքներ են տարվում 4 ուղղությամբ՝ տնտեսական աճ, սոցիալական միասնականություն, երիտասարդների շրջանում համատեղելիություն, անվտանգություն։
Դեսպանը կարևորել է Արևմտյան Բալկանների ինտեգրացիոն գործընթացը՝ նշելով, որ Բուլղարիան կարող է կամուրջ լինել Բալկանների ու Եվրոպայի միջև։
«Շատ կարևոր է նաև, որ մենք շարունակենք կառուցել Էստոնիայի նախագահության ձեռքբերումների վրա, որոնք Էստոնիայի կողմից արդեն արվել են Արևելյան գործընկերության ծրագրի իրականացման միջոցով։ Եվ նախորդ տարի Բրյուսելում Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի ժամանակ մենք տեսանք այդ համագործակցության արդյունքներն ու նպատակ ունենք շարունակել աջակցել՝ խորացնելու Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը, որի անդամներից է նաև Հայաստանը։ Բուլղարիայի նախագահությունը կօժանդակի այն բոլոր ջանքերին, որոնք ապահովում են ուժեղ ու բարգավաճ հասարակությունների ստեղծմանը, ժողովրդավար հաստատությունների ամրապնդմանը, ինչպես նաև կտարվեն աշխատանքներ 20 արդյունք մինչև 2020-ը հաստատելու ուղղությամբ, որին ևս Հայաստանը մասնակից է»,-ասել է Մարիա Պավլովա Ցոցորկովան։
Բուլղարիան ԵՄ խորհրդի նախագահությունն առաջին անգամ ստանձնեց 2018թ․-ի հունվարի 1-ին` անդամակցությունից 11 տարի անց, ինչը, ինչպես ասաց դեսպանը, մեծ պատիվ է ու նաև պատասխանատվություն։ Նշենք, որ ԵՄ անդամ երկրները նախագահում են ԵՄ խորհրդում ռոտացիոն կարգով ու 6 ամիս ժամկետով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան