Իրենց աշխատանքը թեթևացնելու համար որոշ դաստիարակներ արգելում են երեխաներին զուգարան գնալ. Արայիկ Հարությունյան
Երևանի մի շարք մանկապարտեզներում դաստիարակները դիտավորյալ անջատում են ջեռուցումը, որպեսզի մեծ թվով երեխաներ մրսեն, հիվանդանան և մանկապարտեզ չհաճախեն։ Նպատակը մեկն է՝ թեթևացնել իրենց զբաղվածությունը, քանի որ հայտնի ճշմարտություն է՝ քիչ երեխա՝ քիչ զբաղվածություն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց աշխատանքը թեթևացնելու համար շատ դեպքերում դաստիարակներն անգամ արգելում են երեխաների ջուր խմել, որպեսզի զուգարան գնալու անհրաժեշտություն հնարավորինս քիչ ծագի, շատ դեպքերում ուղղակի արգելում են զոըգարան գնալ։
«Երևանի ավագանիում քննող հանձնաժողով է ստեղծվել, որը ուսումնասիրում է մայրաքաղաքի մանկապարտեզներում վերջին շրջանում ի հայտ եկած նմանատիպ արատավոր երևույթները։ Շատ դժվար է ապացույցներ գտնել դրա համար։ Որոշ փաստեր, իհակե, կան, որոնք վկայում են ջեռուցումը դիտմամբ անջատելու, հակամանկավարժական տարրբեր մեթոդներով, ճնշումներով երեխաներին սաստելու մասին։ Խոսքը մի քանի մանկապարտեզների մասին է»,- ասաց Երևանի ավագանում ընդդիմադիր անդամը։
Արայիկ Հարությունյանի խոսքով, նախադպրոցական կրթօջախներում համատարած բնույթ են կրում նաև ապօրինի դրամահավաքները։
Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց անուններ կամ մանկապարտեզների առանձին համարներ նշել՝ վկայակոչելով անմեղության կանխավարկածը։
«Սպասում ենք, որպեսզի փաստերն ավելի հաստատուն լինեն, ապացուցողական բազան ավելի մեծ լինի։ Ամեն ինչից զատ՝ մի տեսանյութ ունեմ, որտեղ, իմ կարծիքով, մանկապարտեզի երեխաներին անթույլատրելի մեթոդներով են քնեցնում։ Պատրաստվում եմ այդ տեսանյութը փոխանցել հոգեբանին, որպեսզի նա իր մասնագիտական գնահատականը տա, նոր միայն հրապարակեմ։ Հնարավոր է՝ հոգեբանն ասի, որ որևէ խնդիր չկա»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Ավագանու անդամը մեր խնդրանքով անդրադարձավ նաև նախադպրոցական կրթօջախներում օտար լեզուների արտաժամյա պարապմուքները ժամը 16։00-ից 17։00 տեղափոխելու և այդ պարագայում երեխաների ռացիոնն անփոփոխ թողնելու նոր որոշմանը (արթնանալուց հետո երեխաներին մանկապարտեզներում սովորաբար հյութ և վաֆլի են հրամցնում՝ խմբ.)։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք նորմա՞լ է, որ 4-5 տարեկան երեխաները մանկապարտեզում կիսաքաղցած մնում են մինչև 17։30-ը, կամ որքան արդյունավետ կարող է լինել երեկոյան կազմակերպված դասապրոցեսը։
«Ճիշտն ասած՝ երեկ եմ այս մասին իմացել։ Այս հարցը ևս պետք է բարձրաձայնել։ Իրականում այս հարցում մեղավոր են ծնողները, որոնցից շատերն իրենց երխաներին մանկապարտեզից վերցնում են 16։00-ից հետո։ Սա նույն է, ինչ որ երեխային սահմանված ժամից շուտ վերցնեն դպրոցից։ Ինչպես դպրոցում, այնպես էլ մանկապարտեզում, խոսքն ուսումնական պրոցեսը խաթարելու մասին է։ Ամեն դեպքում մենք պատրաստվում ենք բարձրաձայնել նաև այս հարցը»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ֆեհսբուքի իր էջում ավագանու անդամը երեկ հայտնել էր Երևանի թիվ 68 մանկապարտեզում ապօրինի դրամահավաքի բացահայտման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները