Ոստիկանների տեսախցիկները մարդու մտքի ազատ արտահայտման հետ կապ չունեն. փոխոստիկանապետ
Խորհրդարանն այսօր քննարկում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում նաև ճանապարհային ոստիկանության երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող, կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։
«Տեսաձայնագրումը, տեսանկարահանումն ու լուսանկարահանումն իրականացվելու են միայն ծառայողական, ոչ անձնական, տեխնիկական միջոցներով։ Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չի ունենա դադարեցնելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը»,- նշեց փոխոստիկանապետը։
Նրա խոսքով՝ նկարահանման համար պարտադիր նախազգուշացման պահանջ կսահմանվի, նաև նյութի պահպանելու ժամկետներ կսահմանվեն:
«Նախագծում պահպանման ժամկետը տրվել է 7 օր, որից հետո կոչնչացվեն, իսկ որոշ դեպքերում կարող են տարաժամկետվել։ Կսահմանվի նաև այլ նպատակներով օգտագործելու և հրապարակելու արգելքը և պաշտոնատար անձանց շրջանակը, ովքեր կարող են տվյալներին ծանոթանալ, ոչնչացնել և այլն»,-հավելեց զեկուցողը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղելով Վարդան Եղիազարյանին ասաց. «Սա միջամտություն է անձնական կյանքի, հարգանքի իրավունքին, կարո՞ղ ենք ասել, որ մինչև այս տեղի ունեցած տեսանկարահանումները միջամտություններ են եղել օրենքով չնախատեսված կարգով»։
Զեկուցողը պատասխանեց. «Դուք գիտեք, որ այդ տեսախցիկները հիմա էլ գործում են, խոսքը ստացիոնարի մասին է, դրանք սահմանված են ճանապարհային երթևեկության ապահովման օրենքով»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հետաքրքրվեց. «Այսօր տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելով մենք մարդու իրավունքներն ենք պաշտպանելու, թե ավելի վնաս կտանք, կսահմանափակենք խոսքի ազատությունը։ Ոստիկանության աշխատակիցներն այդ վիճաբանության ժամանակ հնարավորինս կձգտեն, որ մարդկանց չափերից դուրս հանեն, որպեսզի իրենք ավելի ճիշտ դուրս գան։ Որքանո՞վ է սա ճիշտ»։
Փոխոստիկանապետի կարծիքով՝ պատգամավորի մտավախությունն ավելորդ է. «Մեր այս նկարահանող սարքերը միայն օգնելու են ոստիկանությանը հանցագործություններ բացահայտելու, հասարակական կարգն ապահովելու, ինչպես նաև աջակցելու են մեր քաղաքացիներին, այն դեպքերում, երբ նրանք կարիք կունենա օգտագործելու մեր այդ նյութերը»։
Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Կամաց-կամաց մենք ավելի ենք սեղմում, որ մարդիկ չկարողանան ազատ խոսել, արտահայտվել»։
Վարդան Եղիազարյանը պատասխանեց. «Տեսախցիկները մարդու ազատ մտքի արտահայտման ու դրսևորման հետ կապ չունեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան