Ես շատ լավ գիտեմ, որ մեզ մոտ սահմանված է աջակողմյան երթևեկություն. պատգամավորը՝ նախարարին
«Իրավաբանորեն անհասկանալի է, թե ինչու է ապրիլի 15-ից ուժի մեջ մտնող իրավական ակտով նախատեսված արգելքը կիրառվում ապրիլի 1-ից»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին։
Պատգամավորը նշեց, որ հիմնավորումն էլ է զավեշտալի իր համար. «Այն, որ ասում են այդ ավտոմեքենաների շահագործումը սպառնում է երթևեկության անվտանգությանը, և որպես անմիջական օբյեկտ վտանգավոր են քաղաքացիների ու վարորդների կյանքին ու առողջության համար, ապա որքանո՞վ է տրամաբանական եղած մի քանի տասնյակ հազարավոր աջ ղեկով մեքենաները թույլատրել շահագործել։ Ես ողջամիտ կասկած ունեմ, որ սա արվում է որոշակի մարդկանց որոշակի արտոնյալների համար, նոր բիզնես ստեղծելու պրոյեկտ են մշակում»։
Պատգամավորի հնչեցրած հարցին պատասխանեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Հայաստանը ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկության կանոնները, մենք պետք է պահպանենք այդ կանոնները և շարունակենք ձախ ղեկով երթևեկությունը։ Ինչ վերաբերում է կառավարության նիստում այդ հարցը քննարկելուն, ապա հարցն արդեն հասունացել էր, քանի որ մի քանի ամիս է խոսվում էր այդ մասին, վիճակագրական տվյալները բերում են այն թվերը, որից երևում է, որ աջ ղեկով մեքենաների վթարների քանակը 28 տոկոսով ավելին է»,- ասաց նախարարը։
Պատգամավորն արձագանքեց, որ դա իր հարցի պատասխանը չէ. «Ես շատ լավ գիտեմ, որ մեզ մոտ սահմանված է աջակողմյան երթևեկություն։ Ո՞րն է տրամաբանությունը՝ եղած մի քանի տասնյակ հազարի շահագործումը թողնել, բայց արգելել նորերի ներմուծումը»։
«Թույլ ենք տալիս, քանի որ դա մարդկանց սեփականությունն է։ Մենք չենք կարող մարդկանց սեփականության դեմ արգելք դնել։ Կարող եմ ասել, որ վերջին տարիներին միայն ներմուծման մոտավորապես 37 տոկոսը 2017 թվականին է եղել, և եթե այսօր մենք այդ որոշումը չընդունենք, 2018-ի արդյունքներով ավելի ցավալի կարող էր լինել իրավիճակը։ Ինչ վերաբերում է ապրիլի 1-ից չթույլատրելուն, դա միայն վերահաշվառմանն է վերաբերում։ Ներկրելը կներկայացնենք ԱԺ, որի արգելքը խորհրդարանի իրավասությունն է»,- պատասխանեց Վահան Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը նորից պահմտոցի խաղալու վարքագիծ հիշեցնող մարտավարությամբ հանդես եկավ. Գ. Պետրոսյան
- «Աջ ղեկ» նախաձեռնության անդամը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին
- Կառավարությունն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին