Ժպտացեք...ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով. Նիկոլ Փաշինյան
«Ի՞նչն է խնդիրը, որ առաջին հայացքից պոզիտիվ, օրինաչափ թվացող նախաձեռնությունն առաջացնում է նման մտահոգություններ»,- խորհրդարանում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի կարծիքով՝ պատճառը շատ պարզ է. «Տասնյակ տարիներ մեր երկրում եղել են քաղաքական հաշվեհարդարներ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դատավճիռներ և ցավոք սրտի դեռ լինելու են, քանի դեռ մենք չունենք անկախ դատական համակարգ, չունենք այնպիսի դատական համակարգ, որը չի եղել իշխանության բուրգի կրունկի տակ։ Նույն բանն է, որ ասեք նախագիծ բերեք, մարդկանց վրա ժուչոկներ դնենք, քանի որ կարող է այդ մարդը, պատահաբար, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի հանցագործության ականատես կամ մասնակից լինի։ Մենք ունենք վստահության ճգնաժամի լրջագույն խնդիր»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հարց բարձրացրեց. «Ի՞նչ երաշխիքներ ունենք, որ այդ տեսանկարահանող սարքերը չեն օգտագործվի այլ նպատակներով, մարդու անձնական կյանքի տիրույթ չեն մտնի, մարդուն դրանով շանտաժ չեն անի։ Սրանց հետ կապված պետք է երաշխիքներ ու կառուցակարգեր ունենանք։ Մենք գիտենք չէ, ոնց են չարաշահվում այդ տեսանկարահանող սարքերը, այդ չարաշահման մտահոգություններն են այսօր այստեղ բարձրաձայնվում»։
Նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի վերջո ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա և օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ հանրապետությունում։ Ինչու է կառավարության կամ իշխանության համար այս համատարած տեսախցիկների հարցն անհետաձգելի, շատ պարզ պատճառով, քանի որ դիմացն ապրիլ է գալիս, և իշխանությանը պետք են երաշխիքներ, իմանալու ոչ միայն թե այս հատվածի պատգամավորն ինչ է անում, այլ նաև այն հատվածի պատգամավորներն ինչ են անում։ Չմտածեք, թե միայն մեր ավտոների, տների, օֆիսների վրա են կախելու, ձեր վրա էլ են կախելու, այնպես որ մեծամասնության ներկայացուցիչներ՝ կոչ եմ անում ձեզ ժպտացեք և անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, քանի որ ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին