Պետնախարար. Արցախում Էական գնաճ չի արձանագրվել՝ բացի նավթամթերքի շուկայից
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից 71 անուն առաջնահերթ սպառման ապրանքատեսակների շուկայում կատարված ուսումնասիրության՝ գնաճ հիմնականում չի արձանագրվել կամ որոշ ապրանքատեսակների մասով այն գրանցվել է մինչև 2 տոկոսի շրջանակում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ գնաճը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա, քանի որ դա կարող է խթանել տեղական տնտեսվարողների կողմից գյուղատնտեսական ապրանքատեսակների արտադրության ծավալների մեծացումը։
«Հիմնական թանկացումն արցախյան շուկայում արձանագրվել է նավթամթերքի մասով: Սակայն կարևոր է նշել, որ Արցախի կառավարությունը սեղմված բնական գազի ակցիզային հարկի մեծության ավելացում չի կատարել, ինչի արդյունքում Արցախում գործող ավտոգազալցակայանների սակագների բարձրացում չի եղել։ Դրա շնորհիվ՝ թանկացում չի արձանագրվել նաև տրանսպորտային ծառայությունների սակագներում»,- ասել է Ա. Հարությունյանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պետնախարարը նշել է, որ բացի նշվածից, Արցախի իշխանությունները տարիներ ի վեր գնաճի հնարավոր բացասական ազդեցության դեմ պայքարելու տարբեր գործիքներ են կիրառում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման, հարկային մեղմ քաղաքականության և սոցիալական այլ ծրագրերի իրականացման միջոցով։
Տնտեսական աճի բարձր ցուցանիշներով պայմանավորված՝ աշխատավարձերի և թոշակների հնարավոր բարձրացման հարցի վերաբերյալ պետնախարարը նշել է, որ խնդիրը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների օրակարգում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախը ՀՀ-ի հետ գտնվում է նույն հարկաբյուջետային դաշտում՝ հնարավոր չէ առանձին վերանայումներ կատարել։
«Եթե Հայաստանի Հանրապետությունում թոշակների և աշխատավարձերի բարձրացումներ չեն կատարվում, մենք չենք կարող միայն Արցախում նման քայլի գնալ։ Սակայն տնտեսական աճի բարձր տեմպերը մեզ հնարավորություն են տալիս պետական բյուջեով իրականացնել սոցիալական լրացուցիչ ծրագրեր, որոնք նպատակ ունեն մեղմելու մեր քաղաքացիների սոցիալական բեռը»,- ընդգծել է պետնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին