Սուր շնչառական վարակներով բուժհաստատություններ դիմելիությունը նվազել է. ԱՆ
Նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապ օգնության կանչերը: Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրավիճակը կայունանում է:
«Այսօրվա տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Երևանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով: Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մանկական հաստատություններում, որպես կանխարգելիչ միջոցառում, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»՝ գրիպանման երևույթներով հիվանդ երեխաների մուտքը բացառելու և սուր շնչառական վարակներով իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու համար:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարաների մասնագետների ներգրավմամբ»,- հայտնում են ԱՆ-ից:
Գրիպից և սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
հնարավորինս նվազեցնել շփումը, հատկապես՝ երեխաների, գրիպանման երևույթներով հիվանդների հետ,
գրիպանման երևույթների առկայության դեպքում մի հաճախեք աշխատանքի, երեխաներին մի թույլատրեք հաճախելու մանկական հաստատություններ,
հիվանդ լինելու դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության,
օգտագործեք շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխեք փակ տարածքները,
հաճախ լվացեք ձեռքերը:
Հարակից հրապարակումներ`
- Ունենք սուր շնչառական հիվանդությունների աճ. Արա Ասոյան
- Հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ
- Սուր շնչառական վարակների առումով իրավիճակը հանգիստ է, գրիպի սեզոնի երկրորդ պիկը սպասվում է փետրվարին