Ավելի քան 600 փաստաբաններ պահանջ են ներկայացրել ԱԺ-ին ու կառավարությանը
Այս պահի դրությամբ 608 փաստաբաններ միացել են հայտարարությանը, որով անթույլատրելի են համարում դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորումը:
Նրանք ընդգծում են, որ գործող իրավակարգավորումը երաշխավորում է փաստաբանների պաշտպանությունը դատարանի հնարավոր անհիմն ներգործության միջոցներից, մինչդեռ Նախագծով նախատեսված նոր մոտեցումը վտանգում է փաստաբանության անկախությունը (այդ թվում՝ փաստաբանի, որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի, մասնագիտական ինքնուրույնությունը) և ազատությունը, որոնք երաշխավորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային իրավական ակտերով:
Հայտարարության մեջ նաև ասված է. «Նախագծի հիմնավորման մեջ որևէ փաստարկ ներկայացված չէ, թե ինչու է որոշվել փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորություն տալ դատավորին:
Փաստաբանի անկախությունը և ազատությունը երաշխավորելու հրամայականն ինքնանպատակ չէ, քանի որ վերջիններիս սահմանափակումը կհանգեցնի արդար դատաքննության իրավունքի խաթարմանը:
Նկատի ունենալով վերոգրյալը և ընդգծելով ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ փաստաբանության անկախությունը և ազատությունը խաթարող Նախագծի համապատասխան դրույթները շրջանառությունից հանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու կապակցությամբ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից պահանջում ենք Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել»:
Հայտարարությանը միացած փաստաբանների անունները՝ այստեղ: