Յիրիկյան. Նորն ու նորարարությունը երբեք հեշտ ու արագ չեն ձևավորվում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ հայ կամերային երաժշտության անթոլոգիա ծրագրի շրջանակներում յոթ տարվա ընթացքում «Արս լունգա» դուետի կողմից ձայնագրվել են շուրջ 100 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, գրված ինչպես դուետի, այնպես էլ տրիոյի կազմի համար՝ ամփոփված 22 ձայնասկավառակներում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ անթոլոգիայում ներգրավված ստեղծագործություններն ընդգրկում են հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն շրջանակ, և կարևորագույն փաստերից է այն, որ կոմպոզիտորական անվանացանկում դուետի կողմից ընդգրկվում են ոչ միայն անվանի, այլ նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ում անունները երբևիցե չեն հնչել և սփյուռքահայ կոմպոզիտորներ, որոնցից շատերի անունները մինչ այդ անհայտ են եղել հասարակությանը:
2017թ.-ին իրականացվել է երկու ձայնասկավառակ՝ ամփոփված Կարեն Անանյանի, Աշոտ Արյանի, Մադաթ Ավանեսովի, Էդուարդ Հայրապետյանի, Ալիսա Սարգսյանի, Սվետլանա Ալեքսանյանի դաշնամուրային տրիոներով` ջութակահարներ Սիրանուշ Ասատրյանի (Գերմանիա), Թերեզա Նաչարյանի, Աննա Պետրոսյանի, Մերի Մարգարյանի հետ համատեղ։
Դուետը հայ ակադեմիական երաժշտության կատարումներով հանդես է եկել Գերմանիայի Կարլսրուհե քաղաքում՝ հայ-գերմանական փառատոնի շրջանակներում և Օֆֆենբուրգի Շիլլերի անվան համերգասրահում, ինչպես նաև մի շարք համերգային ծրագրերի է մասնակցել Երևանում:
ՙՆախագծի կարևորությունը կայանում է նրանում, որ արդյունքում բացահայտվում են կոմպոզիտորական նոր անուններ, ստեղծվում նորագույն երաժշտություն ու վերակենդանացվում վաղուց մոռացված նոտաներն ու ստեղծագործությունները: Այս ամենը մեծ ոգևորությամբ ընդունվում է արվեստասեր հասարակության կողմից՝ աշխարհի տարբեր ծայրերում: Հայ երաժշտության պատմության մեջ այս ծրագիրն իր ձևով և բովանդակությամբ միակն է և իրագործելի է դարձել հայ արվեստի զարգացմանը, պահպանմանն ու հավերժացման գործին ուղղված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եռանդուն ու երկարաժամկետ ներդրման շնորհիվ՚,-ասել է ՙԱրս լունգա՚ դուետի նախագահ Արամ Թալալյանը:
«Դասական երաժշտության ոլորտում նոր երևույթի, նոր անունների բացահայտումը չափազանց կարևոր է: Նորն ու նորարարությունը երբեք հեշտ ու արագ չեն ձևավորվում. դրանց համար ժամանակ է պետք, ստեղծագործ աշխատանք ու մեծ նվիրում: Սակայն, մեծ արվեստի դեպքում այդ ամենը դեռևս բավարար չէ, քանի որ նորը կյանքի կոչելու և հասարակությանն այն հասանելի դարձնելու համար նաև անհրաժեշտ է հետևողական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ երաժշտարվեստի ավանդույթների պահպանությունն ու դրանց հետևողական զարգացումը հավասարապես կարևոր են ազգային ամուր ինքնության համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում նաև նկարահանվել են հեռուստաֆիլմեր, որոնցում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ դուետի կատարմամբ, ինչպես նաև անմիջականորեն դուետի համար գրված (հեղինակված) աշխատանքների համերգային կատարումները:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում