Նալբանդյան. Հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում հանդիպումներին
Հունվարի 17-ին Կրակով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և ընդգծել, որ ինչպես միշտ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում բոլոր հանդիպումներին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների և եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ, որոնք մասնավորապես վերաբերում են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, 1994-95 թթ. եռակողմ զինադադարի անշեղ պահպանմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ապա հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:
«Բաքուն հաճախ է խոսում թե իբր շահագրռված է, որ ստատուս քվոն փոխվի։ Ակնհայտ է, որ դրան հասնելու գործնական ճանապարհը հենց վերոհիշյալի իրականացումն է։ Համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից՝ փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով, առաջարկվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են հանդիսանում, և դրանից մեկին նախապատվություն տալու փորձերը անհնար կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել կարգավորման գործընթացը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ մշակութային ժառանգության պահպանման մասին վերջերս Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները կարող են միայն տարակուսանք հարուցել, քանի որ հենց Ադրբեջանն է տարիներ ի վեր հետևողականորեն ոչնչացնում հայկական հուշարձաններն ու կոթողները, միաժամանակ մերժելով Ջուղայում և այլ վայրերում միջազգային փաստահավաք առաքելությունների իրականացումը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Նալբանդյանի և համանախագահների հանդիպումը
- Կրակովում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին