Դինքի սպանությունից հետո Թուրքիան ազատ խոսքի նկատմամբ առավել անհանդուրժող է դարձել. թուրքագետ
«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան ազատ խոսքի նկատմամբ առավել անհանդուրժող է դարձել։ Մարդու իրավունքների պաշտպանության առումով իրավիճակն այդ երկրում վերջին տարիներին ավելի է վատացել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Անդրադառնալով սպանության գործով մինչ օրս շարունակվող դատավարությանը՝ մեր զրուցակիցը թերահավատություն հայտնեց, որ երբևէ արդար վճիռ կկայացվի և մեղավորները արժանի պատիժ կստանան։
«Այս տարիների ընթացքում Թուրքիայում տեղի են ունեցել գործողություններ, որոնք վկայում են այդ երկրի՝ դեպի Էրդողանի միանձնյա իշխանություն ձգտելու մասին։ Թուրքիայում ստեղծվել է մի այնպիսի համակարգ, որը հնարավորություն չի տալիս ազատ կարծիք հայտնել։ Այն, ինչ մենք տեսանք Դինքի սպանության օրինակով, ազատ ձայնի լռեցում էր անհատի մակարդակով։ Սակայն այժմ ձայնի լռեցումը տեղի է ունենում ոչ թե անհատի, այլ զանգվածային մակարդակով։ Ձերբակալվում են հազարավոր մարդիկ, միայն այն բանի համար, որ մտածում կամ արտահայտվում են ոչ իշխող վերնախավի նման»,- ասաց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, եթե նախկինում ենթադրվում էր, ապա այժմ ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպվել էր թուրքական պետական կառույցների կողմից՝ տոգորված պանթյուրքիստական, ազգայնամոլական գաղափարախոսությամբ։
«Այդ մարդիկ, կարծում եմ, օգտագործվեցին պետական մեքենայի կողմից՝ լռեցնելու Հրանտ Դինքի ձայնը»,- նշեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը։
Թուրքագետն ընդգծեց, որ հաշվի առնելով ազատ խոսքը լռեցնելու թուրքական իշխանության մոլեռանդ ձգտումը՝ զգուշավորություն պետք է ցուցաբերի հատկապես Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Նա, կարելի է ասել, Դինքի հոգեզավակն է։ Կարո Փայլանն, ըստ էության, շարունակում է Հրանտ Դինքի գործը։ Նրա ձայնը թուրքական խորհրդարանում շատ զրնգուն է հնչում, նա չի վախենում ամենավտանգավոր թեմաներին առնչվող հրապարակային ելույթներից։ Ես մտավախություն ունեմ, որ եթե անգամ Փայլանին չսպանեն, նրա դեմ կարող են լուրջ բռնաճնշումներ կիրառվել։ Նա պետք է զգուշանա հաշվեհարդարից»,- ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը ձգվում է արդեն ավելի քան 10 տարի, սակայն դեռևս չի հանգուցալուծվել։ Դինքի ընտանիքը և փաստաբանները վստահ են, որ պետական օղակներում աշխատողներն անմասն չեն սպանության գործին:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողները ազատ են արձակվել. ՀԺ
- Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարածի անունով «Սամասթ» բրենդ է գրանցվել. Նաիրա Զոհրաբյան
- Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվել
- Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հրանտ Դինքի ու Գարո Փայլանի մասին
- Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո է տեղի ունեցել Ստոկհոլմում
- Գարո Փայլանը անցել է Հրանտ Դինքի դպրոցը . Սաֆրաստյան
- Հրանտ Դինքն այսօր կդառնար 62 տարեկան
- ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
- ԵԽԽՎ-ն կոչ է անում ամբողջությամբ հետաքննել Հրանտ Դինքի սպանության հանգամանքները
- Ռուբեն Մելքոնյան. Հրանտ Դինք հիմնադրամը վերածվել է թուրքական քարոզչամեքենայի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան