ՄՃԽ. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկելու են ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցը
Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն անդրադարձել է հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպմանը՝ գրելով, թե իր տեղեկություններով հանդիպման ժամանակ քննարկվելու է ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցը։
«Կողմերը դեռ համաձայնության չեն եկել մի շարք հարցերի վերաբերյալ: Բաքուն ցանկանում է առանց որևէ բան փոխելու, համաձայնության հասնել, իսկ Հայաստանը ավելի լայն համաձայնության կողմնակից է, որտեղ կլինեն նոր կազմ և նոր պատասխանատվություն»,-գրել է վերջինս:
Մագդալենա Գրոնոն գրում է, որ 2017թ հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ժամանակ հայտարարել են, որ կառուցողական բանակցությունների, անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կողմնակից են։
«Արդեն նոր հույս կա, որ դիվանագիտությունը կարող է կանխել նոր լարվածությունը: Բայց նաև ռիսկ կա, որ եթե հանդիպումները չհաջողվեն, ապա դա կարող է հանգեցնել դիվանագիտական բանակցությունների խաթարման, հակամարտության ուժային լուծման: Այս ամենից խուսափելու համար, պետք է անվտանգության ոլորտում առաջընթաց ապահովել, միևնույն ժամանակ, քաղաքական քննարկումները պետք է վերսկսվեն: Սակայն, ինչպես շատ հակամարտությունների դեպքում, քաղաքականությունն ու անվտանգությունը դարձել են պատանդ: Հայկական կողմը պնդում է, որ նախքան կարգավորման վերաբերյալ կառուցողական բանակցությունների վերսկսումը, անհրաժեշտ է անվտանգության և վստահության հաստատման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»:
«Ո՞վ կքննարկի կարգավորմանը հարցը, երբ մեզ վրա կրակում են»»,-ՄՃԽ-ի հետ զրույցում նշել է հայ անանուն քաղաքական գործիչը։
Հոդվածագիրը հավելում է, որ Ադրբեջանն, իր հերթին, չի ցանկանում անվտանգության և վստահության հաստատման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, որը ռիսկի տակ է դնում ստատուս քվոյի ամրապնդման հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան