Բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
Նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս օրենքի ընդունումից հետո բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ։ «Սա տարիների աշխատանքի արդյունքն է։ Օրենքն անցել է բոլոր այն փուլերը, որոնք նախատեսված են օրենքի հրապարակայնությունը և մասնագիտական քննարկումներն ապահովելու համար»,- նշեց նախարարը։
Այսպիսով, ըստ Լևոն Մկրտչյանի, կատարվում է ԵՄ-ի հետ ԿԳ նախարարության պայմանավորվածությունը, այն է՝ բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման 5 պայմաններից մեկը։
«Այս օրենքով ուսանողն, ըստ էության, հնարավորություն է ունենում անցնելու ամբողջական կամ մասնակի ուսուցման ծրագրին։ Բակալավրիատի համար ամբողջական ծրագիրը նախատեսվում է 4-6 տարվա ընթացքում, իսկ մասնակի ուսուցման համար՝ 4-8 տարվա ընթացքում։ Այն սահուն կերպով կփոխարինի այսօրվա գործող հեռակա ուսուցման համակարգին, որից այսօր բոլորը դժգոհություններ ունեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այսպիսով, ուսանողը ստանում է շարժունակություն, ինքը պետք է կարողանա ծրագրավորել իր ուսման գործընթացը։
Լևոն Մկրտչյանը նշեց նաև, որ օրենքը բաց պլատֆորմ է ստեղծում և շատ ճկուն է։
Ըստ նրա՝ այս փոփոխությունների հիմնական նպատակը կրթության որակի բարձրացումն է, ինչպես նաև դասախոսի և ուսանողի պատասխանատվության մեծացումը։
Նշենք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ:
Օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը:
Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:
Արդյունքում ամբողջական և հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան