Ո՞վ կդառնա ԵԽԽՎ նոր նախագահ
Հունվարի 22-ից 26-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Այս նստաշրջանում տեղի կունենա ԵԽԽՎ նոր նախագահի, ինչպես նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ընտրությունները: ԵԽԽՎ-ում հունվարի 24-ին ելույթով հանդես կգա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և կպատասխանի ԵԽԽՎ պատգամավորների հարցերին:
Թե ով կլինի ԵԽԽՎ նոր նախագահը, շատ կարևոր է ԵԽԽՎ-ի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում, որը փորձում է վերականգնել իր հեղինակությունը, ինքնամաքրվել՝ կառույցում տարածված աննախադեպ կոռուպցիոն սկանդալների ֆոնին:
ԵԽԽՎ-ում գործող ներքին քաղաքական պայմանավորվածության համաձայն ԵԽԽՎ նախագահությունը հերթականությամբ փոխանցվում է խմբերին:
Այս պահին ԵԽԽՎ նախագահը Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրիակիդեսը ԵԺԿ խմբից է (Եվրոպական ժողովրդական կուսակցություն), ով արտահերթ ընտրություններում 2017թ.-ի աշնանային նստաշրջանում ընտրվեց ԵԽԽՎ նախագահ՝ փոխարինելով արդեն ԵԺԿ-ից հեռացված իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտին, ում ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց ու ստիպեց հրաժարական ներկայացնել Սիրիա այցելելու ու նաև կոռուպցիոն սկանդալների մեջ լինելու պատճառով: Կիրիակիդեսի ընտրությունը միանշանակ չընդունվեց ԵԺԿ խմբում, որի պատճառով ստիպված եղավ հրաժարական տալ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը: Նստաշրջանի բացման օրը սպասվում է նաև ԵԺԿ խմբի ղեկավարի ընտրությունը:
Հունվարյան նստաշրջանում սպասվում է, որ ԵԽԽՎ նախագահությունը կստանձնի ԵԽԽՎ Սոցիալ-դեմոկրատների ու կանաչների խումբը, որի ղեկավարն է իտալացի պատգամավոր Միշել Նիկոլետին: Նիկոտելին, ամենայն հավանականությամբ, կընտրվի 1 տարի ժամկետով, հնարավորությամբ վերընտրվել 2019թ.-ին ևս 1 տարով:
Միշել Նիկոլետիին կարելի է դասել ԵԽԽՎ այն խումբ պատգամավորների շարքին, ովքեր գործում են օբյեկտիվ, բարձրաձայնում էին ԵԽԽՎ-ում կոռուպցիայի մասին ու ստիպեցին Ագրամունտին հրաժարական ներկայացնել:
Նշենք նաև, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ելույթով հանդես կգան նաև Դանիայի արքայադուստր Մերին, Դանիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, ինչպես նաև Դանիայի վարչապետն ու Ավստրիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգ էր այցելել ու ԵԽԽՎ-ում ելույթ ունեցել 2013թ.-ի հոկտեմբերին, երբ Հայաստանը նախագահում էր ԵԽ նախարարների կոմիտեում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին