Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ. Երվանդ Վարոսյան
Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման՝ անթույլատրելության մասին հայտարարությանն այսօրվա ժամը 14:00-ի դրությամբ իրենց ստորագրություններով միացել են 907 փաստաբան: Կան փաստաբաններ, որ չեն ստորագրել՝ ինչու՞, ավելո՞րդ են համարում փաստաբանների պահանջը, դե՞մ են: Փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով չի միացել այս հայտարարությանը, Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչինչ ավելորդ չի համարում, այդ թվում՝ այս հայտարարությունը, թեպետ դրան չի միացել:
«Հայտարարությանը չեմ միացել զուտ այն պատճառով, թե ինչ է այն իրենից ներկայացնում. այն վճռական պահանջ է՝ «վճռականորեն պահանջում ենք սա հանել»: Ես արդեն երեք ամիս է՝ վճռականորեն պահանջում եմ, և այն հանգամանքը, որ հենց ինձ եք զանգել՝ մեկնաբանման համար, խոսում է այն մասին, որ ինքներդ գիտեք իմ դիրքորոշումը: Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ»,- ասաց նա:
Վարոսյանը նշեց, որ հայտարարության մեջ կոնկրետ քայլեր չի տեսել՝ ինչ են պատրաստվում անել նախաձեռնողները, եթե տեսներ ինչ-որ կոնկրետ քայլեր, որոնք իր՝ նախկինում արտահայտած դիրքորոշումից ավելի կլինեին, կքննարկեր նաև այդ հայտարարությանը միանալու, ստորագրելու հարցը: Բացի այդ, փաստաբանը նշեց՝ հայտարարության նախաձեռնողը հենց Փաստաբանների պալատն է, օրենքով փաստաբանության մասին Պալատի անունից հանդես գալու իրավունք ունեն Փաստաբանների պալատի նախագահը և Փաստաբանների պալատի խորհուրդը:
«Ես համոզված եմ, որ Փաստաբանների պալատի նախագահը պետք է չթաքնվի հարյուրավոր փաստաբանների ստորագրության տակ, այլ ինքը պետք է հայտարարությունն անի, ինքը պետք է պահանջի: Օրենքը իր վրա է այդ լիազորությունը դրել, ու ինքը պետք է անատամ հայտարարություններով հանդես չգա»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ հայտարարությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման մասին, ինչի դեմ էլ բողոքում են փաստաբանները:
ՓՊ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ բողոքի մասին հայտարարությունը կազմվել է 16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ:
Օրենքի նախագիծը չեղարկելու պահանջով դիմել են ՀՀ Ազգային ժողով և կառավարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարազդատ Հարոյան. «Հաճելի էր լինել թիմի ավագը»
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին