Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան
Այսօր Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատանի Դրագոնիի ներկայությամբ Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան», որը հայտնի է նաև որպես Ստամբուլի կոնվենցիա։
Այսպիսով, Հայաստանը դարձավ ԵԽ անդամ 45-րդ երկիրը, որը ստորագրեց Կոնվենցիան։ ԵԽ 47 անդամ երկրներից միայն Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն ստորագրել Ստամբուլի կոնվենցիան։
Ինչպես Panorama-ին հայտնում են Եվրոպայի խորհրդից, Եվրոպական չափանիշներին համապատասխան տեղական օրենսդրության կիրառման համար Հայաստանում որպես իրավաբաններին աջակցություն ԵԽ-ն 2017թ․-ի դեկտեմբերին մեկնարկել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասնագետներին վերապատրաստելու դասընթաց։ Դասընթացը մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտանեկան բռնության դեմ պայքարի առաջին օրենքի ընդունումից մեկ օր անց։
Ստամբուլի կոնվենցիան ուղղված է պայքարելու ու կանխելու կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունները։ Այն պետություններին պարտավորեցնում է կանխել, քրեականացնել ու վերացնել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունները։ Կոնվենցիան նաև սահմանում է հատուկ մոնիտորինգային մեխանիզմ (GREVIO)՝ պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար։
Նշենք, որ Ստամբուլի կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014թ․-ին և այժմ արդեն վավերացվել է ԵԽ 28 անդամների կողմից, Հայաստանի հետ միասին ստորագրվել է 17 անդամ երկրի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան