Նիգերիան ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ՝ առողջապահության ոլորտում
Նիգերիան ցանկություն ունի մի շարք ուղղություններով համագործակցություն սկսել Հայաստանի հետ։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ-ում Նիգերիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համզաթ Իբրահիմն՝ այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպմանը։
Նիգերիայի հետաքրքրությունների թվում առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերն են։ Դեսպանի խոսքով իր երկրին առավելապես հետաքրքրում են վարակիչ հիվանդությունների դեմ երկարաժամկետ պայքարի և կանխարգելման ուղղությամբ Հայաստանի փորձը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների բժշկական ծառայությունները պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով կազմակերպելու և, ընդհանրապես, բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման մոտեցումները։ Աֆրիկյան երկրին հետաքրքրում են նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման և այլ ծրագրեր։
Կարևորելով համագործակցության առաջարկն առողջապահության ոլորտում` Նախարար Ալթունյանն առաջարկել է Հայաստանում իրականացվող նշված ծրագրերն առաջիկայում ներկայացնել դեսպան Համզաթ Իբրահիմին:
«Քայլերի հերթականությունը հստակեցնելուց հետո մեզ համար հետաքրքիր կլինի մեր ծրագրերը տեղայնացնել Հայաստանից 50 անգամ ավելի բնակչություն ունեցող երկրում»,-ասել է նախարարը։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության հուշագիր` ամրագրելով հստակ ուղղությունները։