Առաջարկ. Ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը
Կառավարությունը հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Դրանով պայմանավորված, ՀՀ-ում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարվող տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընկալելի լինելու հանգամանքը: Ըստ Վահան Մարտիրոսյանի՝ աջակողմյան ղեկով մեքենաները պարունակում են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր:
Նախարարը հիշեցրեց, կառավարության հունվարի 11-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումը:
Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:
Միաժամանակ, մեկ այլ հարցով էլ Կառավարությունը հաստատեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Ես շատ լավ գիտեմ, որ մեզ մոտ սահմանված է աջակողմյան երթևեկություն. պատգամավորը՝ նախարարին
- Կառավարությունն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը
- Աջ ղեկով մեքենա ունեցողները կրկին փողոց են դուրս եկել
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի
- Որևէ հիմնավորում չկա. աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին