Ադրբեջանցի հաքերների կիբերհարձակումների ալիքի պետք է սպասել հունվարի 20-ին. Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանական և թուրքական մի շարք հաքերային խմբեր վերջին օրերին սկսել են հայկական կայքեր և անձնական հաշիվներ կոտրել։ Նրանց ակտիվության պատճառը «սև հունվարն» է, և ամենամեծ թվով կիբերհարձակումներին պետք է սպասել հունվարի 20-ին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Միաժամանակ, չեմ կարծում, որ ինչ-որ յուրահատուկ բաներ կանեն։ Հիմնականում էջեր են որսում, գումարած կայքեր։ Հատուկ թիրախներ չունեն, կոտրում են ձեռքի տակ ընկածը, որպեսզի հունվարի 20-ին քանակ ցույց տան։ Շատ հնարավոր է, որ թուրք-ադրբեջանական հաքերական խմբերը նախորոք հայկական կայքեր կոտրեն, սակայն այդ մասին բարձրաձայնեն միայն հունվարի 20-ին»,- ասաց մեր զրուցակիցը։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, վերջին երկու շաբաթներին մեծ թիվ են կազմում հատկապես սոցիալական ցանցերի՝ ֆեյսբուքի և ինստագրամի պրոֆիլները կոտրելու դեպքերը, մինչդեռ պետական մարմինների կայքերը կոտրելն ավելի դժվար է։
Հարցին՝ պե՞տք է, որ հայկական հաքերային խմբերը հանդես գան պատասխան գործողություններով, ՏՏ փորձագետը նշեց՝ մեծամասամբ ոչ։
«Դրանք երեխայական խաղեր են։ Ասենք, ադրբեջանցի հաքերները կոտրել են այսինչ գյուղի հայ երիտասարդի անձնական հաշիվը։ Չարժե, որ մենք էլ կոտրենք իրենց այնինչ գյուղի օգտատիրոջ պրոֆիլը»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերջում ՏՏ փորձագետը հիշեցրեց, որ անձնական հաշիվները հաքերային հարձակումներից պաշտպանելու համար օգտատերերը զգոնություն ցուցաբերեն՝ երբեք չսեղմել անծանոթ հղումները, նույնիսկ, եթե հղումը ընկեր է ուղարկել։ Ադրբեջանցի հաքերները նրան էլ կարող են կոտրած լինել։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է էլ-փոստեր, որոնք կոտրել են ադրբեջանցի հաքերները
- Փորձագետ. Ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն այսօր և վաղը
- Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է ինչպես պաշտպանվել ֆեյսբուքում ադրբեջանցի հաքերներից
- Փորձագետ. Ադրբեջանցի հաքքերները սկսել են յուրահատուկ հարձակումներ անել (Տեսանյութ)
- «Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը»
- Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան