Տրանսպորտային նոր ցանցի նախագծով երթուղային 115-ի փոխարեն կգործի 42 գիծ
Այսօր կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։
«Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Ի պատիվ խորհրդատու կազմակերպության, պետք է նշեմ, որ իսկապես մանրակրկիտ աշխատանք է կատարվել նոր ցանցի նախագծման շրջանակում, որի շնորհիվ շուրջ երեք անգամ կրճատվում է առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը, որոնք նախկինում ձևավորվել էին իրավիճակային լուծումների հետևանքով և որպես այդպիսին տրամաբանական ցանց չէին կազմում։ Հարկ է նաև նշել, որ նոր ցանցի նախագծման համար այսօր առկա երթուղիները հիմք չեն հանդիսացել», - աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Վահե Նիկոյանը։
Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։ Բացի այդ, հաշվի են առնվել մի շարք նորմատիվներ, որոնք վերաբերում են ճանապարհների և ներկայիս կանգառահատվածների թողունակությանն ու տեխնիկական հնարավորություններին, ուղևորահոսքերի ծավալին, տրանսպորտային միջոցների ժամանման հաճախականությանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ հասարակական տրանսպորտի մասնագիտորեն հիմնավորված ցանցի նախագծումը, որպես այդպիսին, Հայաստանում առաջին անգամն է իրականացվել։
Նոր ցանցի մասնագիտական ուսումնասիրությանն ու վերջնական հաստատմանը հաջորդելու են բարեփոխման մյուս փուլերի շուրջ աշխատանքները, ինչպես նաև նոր ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան