«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը ներկայացրել է ֆրանսիական երաժշտություն Խաչատրյանի տանը
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակն է եղել՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազմով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երաժիշտները հանդես են եկել տարբեր անսամբլային կազմերով՝ դուետ, տրիո։ Երեկոյի ընթացքում հնչել են ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի կամերային ստեղծագործությունները՝ սոնատ կլարնետի և ֆագոտի համար, սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար, դաշնամուրային սոնատ 4 ձեռքի համար, սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, տրիո հոբոյի, ֆագոտի և դաշնամուրի համար։
«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» նախաձեռնությունը 5-ամյա պատմություն ունի. մեկնարկել է այն ժամանակ, երբ նշվում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը։ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նպատակը համերգային ծրագրերը թանգարանային այցելության հետ զուգակցելն է։ Համերգների ընդմիջումների ժամանակ ունկնդիրները հնարավորություն են ունենում շրջել թանգարանի ցուցասրահներում։ Արմինե Գրիգորյանը նկատում է, որ իրենք ձգտում են հանրությանը ներկայացնել որակյալ, թեմատիկ ծրագրեր։
Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը, անդրադառնալով համերգային ծրագրին, ասել է, որ իրենք մշտապես ներկայացնում են բարձրաճաշակ երաժշտություն, հանրությանը հայտնի կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները, և այս համերգային ծրագիրը բացառություն չէ։ Նա նշել է, որ ինքը և դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը բազմիցս ներկայացրել են Պուլենկի դաշնամուրի և կլարնետի համար գրված սոնատը, ինչը բավականին բուռն արձագանքների է արժանացել։ Եվ քանի որ Պուլենկն ունի ստեղծագործություններ նաև ֆագոտի և ֆլեյտայի համար, միտք է առաջացել «Հարությունյան» քառյակի կազմով ներկայացնել Ֆրանսիս Պուլենկի գործերը։
Նա հայտնել է, որ գարնանը հյուրախաղեր ունեն Գերմանիայում։