ՔԿՀ-ներում թիվ մեկ խնդիր են հիերարխիկ հարաբերությունները. դիտորդական խմբի անդամ
Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների պահման պայմաններում էական փոփոխություններ, որպես այդպիսին, չկան։ Շարունակում է գերբնակեցված մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, որոշ խցերում կարելի է տեսնել ընդհուպ 15 ազատազրկված անձ։ Այնտեղ վիճակն անփոփոխ է տարիներ շարունակ։ «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը։
«Նշված ՔԿՀ-ում այլ խնդիրներ էլ կան։ Առաջին հարկն ընդհանրապես պիտանի չէ բնակեցման համար։ Խոնավ, կիսանկուղային հարկաբաժին է, ցուրտ, բորբոսնած պատերով, ուր ինչ միջատ ասես՝ կարող է լինել։ Քրեակատարողական հիմնակներում թիվ մեկ խնդիր են նաև հիերարխիկ հարաբերությունները, որոնց դեմ, սակայն, պայքար չի տարվում։ Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է այդ հարաբերությունները վերացնելու ուղղությամբ հայեցակարգ մշակել»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը ևս համաձայնեց հնչած տեսակետի հետ, որ դատապարտյալնրի պահման պայմանների հետ կապված խնդիրներ կան։ Նա նշեց, որ դրանք հետևանք են հիմնականում շենքային վատ պայմանների։
«Խնդրի լուծման նպատակով վեջին տարիներին կառուցվեց «Արմավիր» ՔԿՀ-ն, ինչը թեթևացրեց գերբեռնվածությունը։ Բարեփոխումների ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում հետագայում մենք ունենալու ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան այլ ՔԿՀ-ներ ևս։ Դա 1-2 տարվա ծրագիր չէ, այն իրականացվում է փուլ առ փուլ։ Նոր ՔԿՀ-ի կառուցում առաջիկայում նախատեսվում է Գորիսում»,- նշեց բանախոսը։
Ինչ վերաբերում է դատապարտյալներին ցուցաբերվող բժշկական օգնության որակին, ապա պաշտոնյան չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ազատազրկվածների հիվանդությունները շատ հաճախ կապվում են պահման պայմանների կամ բուժաննակազմի անհետևողականության հետ։
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանն իր հերթին հիշեցրեց, որ 2017-ին ՔԿՀ-ներում արձանագրվել են դատապարտյալների մահվան դեպքեր։ Որպես ասվածի վառ օրինակ՝ նա նշեց Հաց բերողի մահվան հանգամանքը։
«Տարվա վերջին մենք այցելեցինք նաև Աբովյանում գտնվող կանանց ՔԿՀ։ Այնտեղ երկու լուրջ դեպքի հանդիպեցինք։ Կանանցից մեկն արդեն մահացել է, մյուսը վերակենդանացման բաժանմունքում է։ Հիվանդ դատապարտյալ կանայք, առհասարակ, խնամողներ չունեն, նրանց խնամքը ստանձնում էին առողջ դատապարտյալները, մինչդեռ ՔԿՀ-ները պետք է կարողանան պատշաճ օգնություն ցուցաբերել դատապարտյալներին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում սննդի որակին, ապա ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի խոսքով, այստեղ ևս հեղափոխական տարբերություն, լավացում առկա չէ։ «Եթե մեկ-երկու շաբաթ ՔԿՀ-ներ հանձնունք մտցնելն արգելվի, բունտ կբարձրանա։ Նման բան հնարավոր կլինի միայն որակյալ բանտային սննդի ապահովման դեպքում»,- ասաց նա։
Փոխգնդապետ Տիգրան Սահակյանն իր հերթին նկատեց, որ գոնե մեկ տարի պետք է անցնի՝ հասկանալու խնդրի դրական միտումներն ու բացերը։ «Սննդի որակի հետ կապված որևէ բողոք, սակայն չի ստացվել։ ՔԿՀ-ներ հանձնունքներ տանելը կապված են մեր ազգային մենթալիտետի հետ։ Միգուցե օրենքով արգելելը բերի ավելի վատ հետևանքների։ Ամեն դեպքում հանձնունքներ բերելը չեմ ուզում կապել սննդի վատ որակի հետ»,- ամփոփեց պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Քրեակատարողական հիմնարկում ստուգվել են հացադուլավորների պահման պայմանները
- Քննարկվել են փակ հաստատություններում անչափահասների պահման պայմանների շարունակական բարելավման հարցեր
- Իրավապաշտպանը` ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության և քաղաքական դաշտի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի