HRW. ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բացթողումներ
Human Rights Watch միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ․-ի Համաշխարհային զեկույցը։ 643 էջից բաղկացած Համաշխարհային զեկույցի 28-րդ հրատարակության մեջ HRW-ն դիտարկում է մարդու իրավունքների վիճակն ավելի քան 90 երկրներում:
Հայաստանի վերաբերյալ զեկույցում որպես դրական քայլ նշվում է, որ կառավարությունը 2017 թվականին կարևոր միջոցներ է ձեռնարկել անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար պալիատիվ խնամքի մատչելիության բարելավման ուղղությամբ, իսկ խորհրդարանն ընդունել է ընտանիքում բռնության առաջին օրենքը, սակայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են լուրջ բացթողումներ։
Իշխանություններին չի հաջողվել պատասխանատվության ենթարկել 2016 թվականի հուլիսի 1-ին Երևանում ցուցարարների և լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաներին: Ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, հազարավոր կանայք ամեն տարի հայտնում են միջադեպերի մասին: Տեղական խմբերը հայտնում են, որ 2017 թվականի ընթացքում սպանվել են առնվազն չորս կանայք նրանց զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից:
«Չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ առկա տագնապալի վիճակագրությանը, Հայաստանում չկա այն քրեականացնող հատուկ օրենսդրական դրույթ և կառավարությունը բավարար քայլեր չի կատարել վերապրածներին պաշտպանելու և աջակցելու համար», - ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան, բայց նաև ընդգծել, որ ընտանիքում բռնության մասին վերջերս ընդունված օրենքը մի քայլ առաջ է, սակայն կառավարությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի կանայք և երեխաները պատանդ չմնան ճնշող և հաճախ կյանքին սպառնացող իրավիճակներում:
Համաշխարհային զեույցի ներածական ակնարկում գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը գրել է, որ հանուն մարդու իրավունքների սկզբունքների պայքարող քաղաքական առաջնորդները ցույց են տվել, որ հնարավոր է սահմանափակել ավտորիտար պոպուլիստական օրակարգը: Մոբիլիզացված հանրության և արդյունավետ բազմակողմանի դերակատարների հետ համախմբման պարագայում, այդ առաջնորդները ցույց տվեցին, որ մարդու իրավունքներին հակադրվող իշխանությունների առաջխաղացումն անխուսափելի չէ։
Human Rights Watch-ը Հայաստանում արձանագրել է նաև այլ լուրջ մտահոգություններ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ներառյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունը և խտրականությունը: Որպես դրական քայլ է դիտվում այն, որ կառավարությունն արմատապես վերանայեց կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող հիվանդների համար օփիոիդային ցավազրկող դեղորայքի նշանակումն ու հասանելիությունը կարգավորող խրթին համակարգը:
Նշվում է, որ Հայաստանի իշխող կուսակցությունը գերակայեց 2017 թվականի խորհրդարանական և տեղական ընտրություններում: Միջազգային դիտորդները եզրակացրեցին, որ ապրիլի խորհրդարանական ընտրությունները «լավ էին կազմակերպված», սակայն «ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով», և չկարողացան բարելավել հանրության վստահությունը երկրի ընտրական համակարգի նկատմամբ:
Ըստ Human Rights Watch-ի, կառավարությունը չի կարողացել լիարժեք հաշվետվողականություն ապահովել հուլիսի 20-ին Երևանում բողոքի ցույցերի ժամանակ հիմնականում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ ոստիկանության կիրառած բռնությունների համար: Ոստիկանության որոշ ծառայողների նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, սակայն որևէ պաշտոնյայի որևէ մեղադրանք չի առաջադրվել, չնայած կիրառված որոշ մեթոդների ծանրությանը: Միևնույն ժամանակ, իշխանությունները քննություն են իրականացրել բողոքի ակցիաների մասնակիցների և ղեկավարների նկատմամբ` առնվազն 22 անձանց դատապարտելով զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություններ կիրառելու և լրագրողի մասնագիտական գործունեությանը միջամտելու մեղադրանքով:
«Իշխանությունները նաև արդյունավետ քննություն չեն իրականացրել հունիսին Երևանի դատարանի շենքում ոստիկանության կողմից չորս անձանց ենթադրյալ ծեծի ենթարկելու առթիվ: Նրանք այն 32 անձանցից էին, ովքեր դատվում էին 2016 թվականի հուլիսին Երևանի ոստիկանության գնդի զինված գրավման ընթացքում ենթադրյալ հանցագործությունների կատարման համար։ Անձինք հայտարարել են, որ ոստիկանությունը ծեծի է ենթարկել նրանց նկուղում գտնվող պահման խցերում: Ծեծին ենթադրաբար մասնակցած որոշ ոստիկաններ շարունակել են ծառայություն իրականացնել դատարանի դահլիճում դատավարության ընթացքում:
Հաշմանդամության կամ աղքատության պատճառով բնակելի հաստատություններում տեղակայված հազարավոր երեխաներ մատնվել են անուշադրության գերբնակեցման պատճառով: Թեև իշխանությունները որոշ հաստատություններ վերափոխել են համայնքային աջակցության կենտրոնների, գործընթացը չի ընդգրկել բոլոր հաստատությունները, որտեղ բնակվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ անորոշ ժամկետով մնում են հաստատություններում որպես չափահասներ, զրկված իրենց գործունակությունից: Ֆիզիկական խոչընդոտները և խելամիտ հարմարեցումների բացակայությունը համայնքային դպրոցներում, հաճախ սահմանափակում են հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հնարավորությունը կամ թողնում նրանց առանց կրթության»,- ասվում է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում